կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մյունխենի համաժողովում Փաշինյանը պատասխանել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ հարցին

Մյունխենի համաժողովում Փաշինյանը պատասխանել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ հարցին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի համաժողովի շրջանակում մասնակցել է Հարավային Կովկասի հարցերով պանելային քննարկմանը՝ «Շարժե՞լ սարերը. Անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագրով: Քննարկմանը մասնակցել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը:

Փաշինյանը պատասխանել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերաբերող հարցին, մասնավորապես, նշելով․

«Գլոբալ անկայունությունը չի կարող դրական ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանային իրավիճակի վրա, որովհետև գիտեք, որ արդեն տևական ժամանակ է ամբողջ միջազգային ուշադրությունը հասկանալիորեն սևեռված է Ուկրաինայի վրա, և դա մեր տարածաշրջանի համար նոր ռիսկեր է ստեղծում։ Շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանը նույնպես արժանանա միջազգային ուշադրության, որովհետև կարծում եմ, որ շատ ռիսկեր կան։

Ո՞րն է մեր մոտեցումը։ Մենք հավատարիմ ենք մնում մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, որովհետև հավատում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգը կբարելավեն իրավիճակը մեր տարածաշրջանի շուրջ։ Կարծում ենք, որ սա շահավետ է ողջ տարածաշրջանի համար, իսկ մեզ համար շատ կարևոր է՝ աշխատանքի մեր մասն անելու առումով»։

  • Կիսվել: