ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան

Մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան

«Մոտ ապագայում վարչապետը նաեւ կխոսի, հանրությանը կդիմի եւ տեղեկատվություն կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ »,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ կառավարության շենքից դուրս գալուց հետո: Թե վարչապետ-հանրություն շփումն ի՞նչ ձեւաչափով է լինելու, Ալեն Սիմոնյանը չգիտեր:

Նա մանրամասներ չհաղորդեց նաեւ նախօրեին կայացած վարչապետ-ԱԺ խորհուրդ հանդիպումից՝ երկու պատճառով. նախ ինքը հանդիպմանը ներկա չի եղել, թեեւ տեղյակ է թե խոսակցությունն ինչի շուրջ է կայացել, ապա՝ հանդիպման ձեւաչափը փակ էր, ինչը ենթադրում է՝ քննարկման մասին տեղեկության չտրամադրում: Լրագրողներից մեկ հարցին ի պատասխան, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ արցախաադրբեջանական շփման գծում խաղաղապահների տեղակայման հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ պաշտոնական մակարդակում, չի քննարկվել:

Ըստ նրա, եղել են միայն տարբեր խոսակցություններ: Ալեն Սիմոնյանն ասաց նաեւ, որ իրենք անգամ այս իրավիճակում փորձելու են հնարավորինս բաց լինել հանրության հետ, քանի որ հակառակորդը աշխատում է ոչ միայն սահմանին, այլև համացանցում։ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականին վերաբերվող հարցին էլ բանախոսը պատասխանեց. «Նման հիմար ստեր տարածողները պատժվելու են»։

Ի հեճուկս բոլոր խոսակցությունների, թե Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները այդքան էլ լավ վիճակում չեն գտնվում, ԱԺ փոխխոսնակը վստահեցնում է՝ դրանք այսօր ամենաբարձր մակարդակում են։

Ըստ նրա, համագործակցությունը, փոխըմբռնումը, իրավիճակի սթափ գնահատումը կա Հայաստանի բոլոր գործընկերների, այդ թվում նաեւ ՌԴ-ի հետ: Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ հարցին էլ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե պետք է հասկանալ դրա նպատակահարմարությունը, տեխնիկապես իրագործման հնարավորությունը և հետեւանքները․ «Պարզ է, որ այդ հարցը մեզ համար ամենակարևոր հարցն է։ Մենք բոլոր գործընկերների հետ, բոլոր ուղղություններով աշխատում ենք եւ գնալու ենք Արցախի ճանաչման ճանապարհով»։ Ալեն Սիմոնյանը կարեւոր է համարում, որ Արցախը ճանաչվի ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհի կողմից, եւ դրան հետեւեն իրավական գործընթացներ, գրում է aravot.am-ը:

  • Կիսվել: