երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Միրզոյանը Կոլոննայի հետ առանձնազրույցում խոսել է ՀՀ–ԵՄ գործընկերության հարցերի մասին

Միրզոյանը Կոլոննայի հետ առանձնազրույցում խոսել է ՀՀ–ԵՄ գործընկերության հարցերի մասին

ՀՀ և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են Հայաստան–Եվրոպական միություն ինտենսիվ զարգացող գործընկերության մի շարք հարցերի։ Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
 
Միրզոյանը նշեց, որ խոսել են միջխորհրդարանական համագործակցության մասին թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ խորհրդարանական հարթակներում, ընդգծել նոր թափով զարգացող և ընդլայնման ներուժ ունեցող ապակենտրոնացված համագործակցության ամրապնդման կարևորությունը։
 
«Գորընկերոջս հետ անդրադարձել ենք նաև Հայաստան–Եվրոպական միություն ինտենսիվ զարգացող գործընկերության մի շարք հարցերի, տարածաշրջանում կայունության համտեքստում ընդգծել ենք Հայաստանում ԵՄ–ի քաղաքացիական մշտադիտարկման առաքելության գործունեության կարևորությունը։ Բարձր եմ գնահատել Ֆրանսիայի առաջատար դերն ու հատկապես 2022 թվականին Պրահայում հանդիպումից հետո կարևոր ներդրումն այս ուղղությամբ»,– նշեց ՀՀ ԱԳ նախարարը։
 
Միրզոյանը շեշտեց, որ ֆրանսիացի գործընկերոջ այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առաջ։
 
Նա ասաց, որ խոսել են նաև կրթական, սոցիալական և տնտեսական ոլորտներն ընդգրկող հարցերի շուրջ։ Նրանք վերահաստատել են շահագռգռվածությունն ու պատրաստակամությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարուստ օրակարգի հետագա ընդլայնման, հարաբերությունները տարբեր ոլորտներում նոր բովանդակությամբ հարստացնելու առումով։

  • Կիսվել: