շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ. Ալեն Սիմոնյանը՝ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին

Մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ. Ալեն Սիմոնյանը՝ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին հյուրընկալել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ակտիվ քաղաքական երկխոսությանը:

«Ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին մեծապես կարևորում ենք ԵՄ շրջանակներում համագործակցությունը Ձեր երկրի հետ: Ուրախ ենք Հայաստանում ոչ ռեզիդենտ նոր դեսպան նշանակելու կապակցությամբ: Հուսամ, որ ապագայում մենք կունենաք նաև ռեզիդենտ դեսպաններ մայրաքաղաքներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատին 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծված պատերազմին առնչվող բանաձևեր ընդունելու, ինչպես նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձմանը վերաբերող բանաձևի համար:

Նա հիշեցրել է, որ մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ են առնվազն 33 հայ ռազմագերիներ: ԱԺ խոսնակը բարձր է գնահատել նաև արտգործնախարարի անձնական դերակատարումը միջազգային հարթակներում Հայաստանի համար կարևորություն ներկայացնող զգայուն խնդիրները պարբերաբար բարձրաձայնելու հարցում:

Հանդիպմանը կարևորվել է ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը:

  • Կիսվել: