երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային ընդունելի ֆորմատով բանակցություններն այլընտրանք չունեն. Սեյրան Օհանյանը՝ ԼՂ հարցի մասին

Միջազգային ընդունելի ֆորմատով բանակցություններն այլընտրանք չունեն. Սեյրան Օհանյանը՝ ԼՂ հարցի մասին

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորում է, որ Հայաստանը բարձրաձայնի՝ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և միջազգային ընդունելի ֆորմատով բանակցություններն այլընտրանք չունեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանն այս դիրքորոշումը հայտնեց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

Պատգամավորը նախ ընդգծեց՝ Ադրբեջանը, հանդիսանալով ագրեսոր պետություն, այսօր բոլոր լծակներն օգտագործում է ողջ մեղքն հայ ժողովրդի վրա բարդելու համար:

«Արցախի հերոսական բանակը ներկայացնելով որպես «ահաբեկչական խմբավորում»՝ հակաահաբեկչական գործողությունների անվան տակ մասնատում, հայաթափում, ապօրինի կերպով առևանգում է Արցախի նվիրյալ գործիչներին: Մենք բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց այս պայմաններում չի կարող լինել խաղաղություն Ադրբեջանի հետ, որը շարունակում է բացահայտ թշնամական գործողություններ իրականացնել Հայաստանի հանդեպ: Այդ պատճառով Հայաստանը պարտավոր է հանդես գալ, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, և բանակցությունները՝ միջազգային ընդունելի ֆորմատով, այլընտրանք չունեն, ինչպես նաև ձեռնպահ մնալ Ադրբեջանի հետ միջպետական որևէ պայմանագիր ստորագրելուց, քանի դեռ Ադրբեջանն ազատ չի արձակել Արցախի Հանրապետության պաշտոնյաներին, ռազմական գործիչներին, գերիներին և չի դադարեցրել ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,-ասաց Օհանյանը:

  • Կիսվել: