կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Միջազգային հանրությունից պետք են արձագանքի ձեւով հստակ գործողություններ. Արգենտինայի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

Միջազգային հանրությունից պետք են արձագանքի ձեւով հստակ գործողություններ. Արգենտինայի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Արգենտինյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անգնահատելի ներդրումն ու սրտացավ հետեւողականությունը:

ԱԺ-ից  հայտնում են, որ ՀՀ ԱԺ խոսնակը երախտագիտություն է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին բարձր ամբիոններից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանն անդրադառնալու, ծանր պահին հայ ժողովրդի կողքին լինելու եւ սատարելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված ԼՂ հայերին առնվող հարցեր:

Արգենտինայի դեսպանը նշել է, որ Հայաստանից հեռանում է շատ ջերմ եւ, միեւնույն ժամանակ, ծանր հուշերով: Նա նշել է, որ կիսում է այս օրերին հայ ժողովրդի ապրումներն ու Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությունը ԼՂ հայերի հանդեպ ողբերգություն է որակել՝ համայն քաղաքակիրթ մարդկության դեմ: Նա նշել է, որ միջազգային մակարդակով պետք է քննել տեղի ունեցածը եւ համարժեք գնահատականներ տալ: «Այն, ինչ հարկավոր է այսօր Հայաստանին միջազգային հանրությունից, չի սահմանափակվում միայն հայտարարություններով, պետք են արձագանքի ձեւով հստակ գործողություններ»,- ընդգծել է դեսպանը:

Հանդիպմանը քննարկվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում բարեկամական խմբերի դերը:

  • Կիսվել: