ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միասնական մարտահրավերում մեր և ՌԴ-ի շահերը համընկնում են. Գրիգորյան

Միասնական մարտահրավերում մեր և ՌԴ-ի շահերը համընկնում են. Գրիգորյան

«Հեղափոխությունից հետո, ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում էական փոփոխություններ են եղել, և դեպի դրական ուղղությամբ էական փոփոխություններ»,-այս մասին Ազատությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին:

Ըստ նրա՝ հայ-ռուսական հարաբերություններում վերջին մեկ տարվա ընթացքում դրական դինամիկա կա: Գրիգորյանն այս առնչությամբ ընդգծեց Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի, արտաքին գործերի նախարարի և պաշտպանության նախարարի՝ Հայաստան կատարած այցերը: ԱԽ քարտուղարը վստահեցրեց, որ ՌԴ-ի հետ նման հարաբերություններ ունենալը թույլ է տալիս տարբեր հարցեր ավելի բաց, անկաշկանդ մթնոլորտում քննարկել:

Գրիգորյանն անդրադարձավ նաև Սիրիայի խնդրին՝ նշելով. «Քանի որ Ռուսաստանը ներկայություն ունի Սիրիայում, «Իսլամական պետության» ցանկացած հավելյալ տեղ դիրքավորումը Ռուսաստանի անվտանգության համար մարտահրավեր է, և սա միասնական մարտահրավեր է, և այս միասնական մարտահրավերում մեր շահերը միանշանակ համընկնում են, և համոզված եմ, որ մենք ինչպես Սիրիայում ենք գործել և քննարկել ենք համատեղ գործողությունները՝ գիտեք, որ Սիրիայում ունենք հումանիտար օգնություն, դա նաև իր արտացոլումը կգտնի այլ ուղղություններում մեր հարաբերություններում»:

ԱԽ քարտուղարը խոսեց նաև միջազգային տարբեր կառույցների կողմից Հայաստանին տրված գնահատականների մասին: Նա, մասնավորապես, ասաց. «Տարեվերջին արդեն մենք կարծես թե շատ մեծ քայլերով առաջ ենք գնացել, և հետաքրքիր է, որ Gallup International-ի կողմից կատարած հետազոտության համաձայն, որը հանրության ընկալումն է, անհատների ընկալումն է անվտանգության առումով, մենք հայտնվել ենք առաջին 10 երկրների մեջ, որտեղ քաղաքացիների ընկալումը անվտանգության մասին շատ բարձր մակարդակի վրա է, այսինքն՝ քաղաքացիները իրենց անվտանգ են զգում: Հայաստանում դա շատ բարձր ցուցանիշ է, և հայտնվել ենք մենք առաջին տասնյակում: Սա երկրորդ դեպքն է, երբ որ մենք հայտնվում ենք առաջին տասնյակում՝ առաջինը Freedom House-ի կողմից հրապարակված՝ ինտերնետում ազատության ցուցանիշն է, որտեղ ևս առաջին տասնյակում ենք»:

Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, որ Հայաստանում ընթացող բարեփոխումները, ժողովրդավարացումը, տնտեսական զարգացումն է՛լ ավելի են բարձրացնում երկրի անվտանգությունը և իմիջը:

«Երկրի իմիջի մասին բազմաթիվ խոսող փաստեր կան, բայց միայն հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ-ի ժողովը, որին մասնակցում էին նաև Իրանը և Սինգապուրը, նաև խոսում է Հայաստանի բարձր հեղինակության մասին:

Կարող եմ շատ հստակ թվերով ասել, որ, օրինակ, 2017 թվականի ռազմական բյուջեն եղել է 202 միլիարդ, 2020 թվականի ռազմական բյուջեն լինելու է 303-304 միլիարդ դրամ, այսինքն՝ 2017-ի նկատմամբ 50 տոկոս բարձրացում է տեղի ունեցել: Եվ այս առումով Հայաստանում շարունակական բարեփոխումներ են կատարվում անվտանգության ոլորտում, ինչը նաև բարձրացնում է մեր ռեսուրսների ծախսման արդյունավետությունը»,-ամփոփեց Արմեն Գրիգորյանը:

  • Կիսվել: