Միակ բանը, որ ես պատրաստվում եմ բանակցել նրանց հետ, դա աշխատեսանյակիս համար գնելիք ակվարիումի ձևն ու չափն ա. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին (տեսանյութ)
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ ընդդիմադիրների կազմակերպած անհնազանդության ակցիաներին:
«Երեկվա հանրահավաքին մասնակցում էր ընդամենը 4-5 հազար հոգի: Որքան էլ Ագնեսա Խամոյանը կամ մյուս քոչարյանական պատգամավորները պնդեն, թե այդ թիվն իրականում հասնում էր 20-30 միլիոնի, և հավաքն իրականում համատիեզերական էր, կարծում եմ՝ դրանից իրականությունը չի փոխվի:
Սիրելի՛ քաղաքացիներ, այդ ֆիասկոն արձանագրվում է նաև նրանով, որ այսօր թալանի փրկության շարժման առաջնորդները, ովքեր չունեն բավարար մարդկային ռեսուրս Երևանում փողոց փակելու համար, ստիպված եղան այդ փողոցը փակել մի նախկին փոխնախարարի պատկանող շինարարական ընկերության բեռնատարներով:
Նախկին փոխնախարարը, որ 500 հազար դրամով չգիտես ինչպես դարձել է շինարարական ընկերության սեփականատեր, իր բեռնատարներն ու բետոնախառնիչներն է ուղարկում քաղաքացիների առաջ փողոց փակելու:
Սա մի յուրատեսակ ցուցադրություն է, թե կոնկրետ ինչի համար են իրենք պայքարում»,- ասաց Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե ընդդիմությունը բացի մորուք պահելուց փորձում է կրկնօրինակել 2018 թվականի հեղափոխությունը, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Այ ժողովուրդ ջան, այդ մարդիկ ո՞նց կարող են մորուք պահել, եթե ամեն առավոտ ռազվոդ են կանգնում ու թրաշ-կանտովկա է ստուգվում»,- ասաց նա:
Պատգամավորը նկատեց նաև, որ կեղծ թեզեր են շրջանառվում, թե իշխանությունը գաղտնի բանակցում է իշխանությունը փոխանցելու ուղղությամբ:
«Այս թևում նստած պատգամավորների հետ միակ բանը, որ ես պատրաստվում եմ բանակցել, դա աշխատեսանյակիս համար գնելիք ակվարիումի ձևն ու չափն ա, ոնց ուզում են, թող հասկանան, դե կարելի է նաև ձկների տեսակի մասին քննարկում անել, բայց ոչ ավելի»,- ասաց նա:
Նա նաև գոհունակություն հայտնեց ոստիկանության աշխատանքի համար: «Ապրեն մեր ոստիկանները, որ կարողանում են այդ խուլիգանախմբերին զսպել, և որ այդ ցույցերը ընդհանրապես կապ չունեն խաղաղ ակցիա կամ խաղաղ հանրահավաք կոչվելու հետ»,- ասաց նա:



