չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մեսրոպյան վարժարանի սաները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Մեսրոպյան վարժարանի սաները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Բեյրութի Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի ավարտական դասարանի աշակերտները ապրիլի 23-ին այցելել են Հայ կաթողիկե Պատրիարքարանի գավթում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան և ծաղկեպսակ խոնարհել նահատակների հիշատակին:

Վարժարանի տնօրեն Կ. Գալուստն իր գոհունակությունն է հայտնել առ այն, որ հակառակ բոլոր դժվարություններին՝ Մեսրոպյան վարժարանում ուսանող սաները մշտապես դաստիարակվել են հայկականության ոգով ու մտքով, և այդպիսով վարժարանը կատարել է իր պարտքը ազգի ու հայրենիքի հանդեպ։

Տնօրենը հիշեցրել է, որ երջանկահիշատակ Աղաճանյան կարդինալ պատրիարքի որոշմամբ՝ 1939 թ․ Բեյրութի սրտում կանգնեցված Պատրիարքարանի հուշակոթողը Ցեղասպանության նվիրված նշանակալի առաջին և ամենահին կոթողն է ամբողջ աշխարհում: Կ. Գալուստն աշակերտներին կոչ է արել կյանքում կայանալու համար չսահմանափակվել միայն մասնագիտությամբ ու աշխատանքով, այլև հավատարիմ մնալ ազգային և հոգևոր արժեքներին, որով առաջնորդվել են վարժարանում:

Վարժարանի աշակերտների ներկայացուցիչ Փերլա Փյուսկյուլյանը հիշատակել է նաև ամիսներ առաջ տեղի ունեցած պատերազմում զոհված հայ զինվորներին, որոնք ևս միացան Ցեղասպանության նահատակներին: Նա իր սերնդակիցների անունից խոստացել է հավատարիմ մնալ հին ու նոր նահատակների կտակին, ամուր կառչել մայրենիին և ազգային արժեքներին ու ջանք չխնայել՝ նպաստելու արդարության վերականգնմանը և հայ ժողովրդի անկատար իղձերի իրականացմանը:

Մեսրոպյանի հոգևոր տեսուչ Տեր Ռաֆֆի քահանա Հովհաննիսյանն էլ աշակերտներին բացատրել է Ցեղասպանության զոհերի հուշակոթողի խորհրդանիշները՝ մասնավորապես ընդգծելով, որ հայ ժողովրդին խորհրդանշող սյան վերին հատվածն ավերված տեսք ունի՝ խորհրդանշելով Ցեղասպանությունը, սակայն դրանից վերև խոյանում է Սուրբ Խաչը, որը, անկասկած, խորհրդանշում է հարություն և հույս, որոնցով հայ ժողովուրդը ջարդից, տարագրությունից և աքսորից դուրս եկավ հաղթանակած և կրկին ոտքի կանգնեց:

  • Կիսվել: