երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր կողմից բավարար քայլեր չեն արվել ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում. գերմանացի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

Մեր կողմից բավարար քայլեր չեն արվել ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում. գերմանացի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Գործընկերները կարեւորել են երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Բաքվի էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը եւ առաջացած խնդիրներին: Գերմանացի խորհրդարանականը նկատել է, որ ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում բավարար քայլեր չեն արվել իրենց կողմից:

Ալեն Սիմոնյանը ՀՀ Ազգային ժողովի եւ իր անունից շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ սկզբունքային եւ հասցեական ելույթի համար:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ:

  • Կիսվել: