հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կարևոր է, որ մեր գործընկերները չփորձեն ի հաշիվ ՀՀ շահերի՝ Ադրբեջանի հետ իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել. Կոստանյան

Կարևոր է, որ մեր գործընկերները չփորձեն ի հաշիվ ՀՀ շահերի՝ Ադրբեջանի հետ իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել. Կոստանյան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հրապարակային հրավիրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին հանդիպելու Բրյուսելում. հայկական կողմը պատրստակամ է այդ հանդիպմանը մասնակցել: Այս մասին այսօր օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ հավելելով, որ աշխատանքներ են տանում եվրպացի գործընկերների հետ այդ ուղղությամբ:

Լրագրողների հարցին, թե ինչպես է հայկական կողմը վերաբերում ռուսաստանյան հարթակներում բանակցություններին, որոնց կոչով հանդես են գալիս Մոսկվան ու Բաքուն, ԱԳ փոխնախարարը պատասխանեց. ՛՛Հայկական կողմը, ըստ անհրաժեշտության, բոլոր հարթակները պատրաստ է օգտագործել Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելու համար՛՛:

Խոսելով այն մասին, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հնարավոր էր համարել, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը հարձակում գործի Հայաստանի վրա՝ Կոստանյանն ասաց, որ դրա հետ կապված ամերիկացի գործընկերներից որոշակի պարզաբանում ստացել են:

՛՛Ավելացնելու ոչինչ չունեմ այս մասով, իսկ այն մասին, որ Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է վարում, մենք արդեն ամիսներ շարունակ հայտարարում ենք, զգուշացնում ենք մեր բոլոր գործընկերներին՛՛,-նշեց նա:

Հարցին՝ Բրյուսելում հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպմանը որեւէ փաստաթղթի ստորագրում ակնկալվո՞ւմ է, ԱԳ փոխնախարարն արձագանքեց. ՛՛ՀՀ վարչապետը հայտարարել է այն օրակարգը եւ այն ուղենիշները, որոնք տեսնում է: Մենք տեսնում ենք որպես հարաբերությունների կարգավորման հիմք: Դրանք, ըստ էության, արձանագրվել են Գրանադայի քառակողմ հայտարարություններով: Հիմա, ենթադրաբար, ադրբեջանական կողմը պետք է դիրքավորվի եւ հանրային կերպով իր դիրքորոշումն արտահայտնի այն ուղենիշների մասին, որոնք նշված են Գրանադայի հայտարարությունում՛՛:

Կոստանյանը նաեւ կարեւորեց, որ մեր գործընկերները, որոնց ներկայությամբ տեղի են ունենում քննարկումներն ադրբեջանական կողմի հետ, ՛՛չփորձեն ի հաշիվ Հայաստանի շահերի իրենց երկկողմ օրակարգերն առաջ մղել՛՛:

  • Կիսվել: