երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր գործընկերները երբևէ պահանջ կամ հարցադրում մեր առջև չեն դրել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով. Միրզոյանը՝ Ֆրանսիայի մասին

Մեր գործընկերները երբևէ պահանջ կամ հարցադրում մեր առջև չեն դրել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով. Միրզոյանը՝ Ֆրանսիայի մասին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ այսօր Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին լրագրողները խնդրեցին մանրամասներ ներկայացնել Ֆրանսիայի հետ կնքվելիք պայմանագրի ժամկետների վերաբերյալ, որով Փարիզը հնարավորություն կունենա զինտեխնիկա մատակարարել հայկական բանակին:

Որպես հարցի շարունակություն՝ լրագրողը նշեց, թե նման հարաբերությունները խորացնելու համար արդյոք Ֆրանսիայի համար կարևո՞ր է, որ Հայաստանը դադարեցնի համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ:

Ի պատասխան՝ Միրզոյանն ասաց ՛՛Ի լրումն Ֆրանսիայի արտգործնախարարի պատասխանի. Անդրադառնալով հարցին, կարծում եմ, որ տիկին նախարարը ավելի, քան սպառիչ պատասխան տվեց հարցի առաջին մասին և չեմ պատկերացնում, թե Դուք ավելի մանրամասն ինչ պատասխան եք ակնկալում։ Խոսքը Հայաստանի պաշտպանական կարողություններին աջակցելու մասին է, կարող ենք այսքանով սահմանափակվել։ Եվ հարցի երկրորդ հատվածը. կարող եմ վստահեցնել, որ մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ կամ հարցադրում նույնիսկ մեր առջև չեն դրել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով։ Շնորհակալություն՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերոնշյալ մամուլի ասուլիսի ժամանակ տիկին Կոլոննան հայտարարել է. ՛՛Փարիզը պատրաստ է պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ, որը Ֆրանսիային թույլ կտա զինտեխնիկա մատակարարել հայկական բանակին՛՛:
 

 

  • Կիսվել: