հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան

Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան

«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ օրերս մի քաղաքացի իրեն պատմել է, թե երեխան դպրոցից եկել է ու ասել, որ պատմության ուսուցիչն իրենց ասել է՝ պետք է մեծանաք, գնաք Մուշն ու Վանը ազատագրելու:

Ըստ Փաշինյանի՝ նմանատիպ հարցադրումներին ՀՀ-ում հանրայնորեն անդրադարձ չի արվում, մինչդեռ դա, ըստ նրա, ֆունդամենտալ պրոբլեմ է, որի հետ ՀՀ-ն բախվել է Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ գործընթացում, երբ եղել են զուգահեռ խոսույթներ ու ընկալումներ:

«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ավելի քան 1 տարի անց Հայաստանում՝ հայտնի հարթակներում և ամբիոններում, խոսվում է այն մասին, հետապնդվում է այն օրակարգը, որ մենք պետք է հզորանանք և ազատագրենք Արցախի Հանրապետությունը»,- ասաց նա:

Այս համատեքստում Փաշինյանը կարծում է՝ ընտրությունների արդունքներով ՀՀ-ում հաղթել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ուստի պետական ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ:

«Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը: Ավելին՝ Կառավարությունը պետք է դրա դեմ կոնկրետ գործողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում ՀՀ-ի համար»,- ասաց նա:

  • Կիսվել: