երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Մեր ամենամեծ ցանկությունն է, որ հայերը բաց չթողնեն 30 տարի անց ի հայտ եկած խաղաղության հնարավորությունը». Էրդողան

«Մեր ամենամեծ ցանկությունն է, որ հայերը բաց չթողնեն 30 տարի անց ի հայտ եկած խաղաղության հնարավորությունը». Էրդողան

Մենք տեսնում ենք նրանց, ովքեր կանգնած են Կովկասում նոր խաղերի հետևում։ Արեւմուտքի որոշ ուժեր մինչեւ հիմա չեն կարողանում հասկանալ, որ ղարաբաղյան պատերազմով տարածաշրջանում նոր դարաշրջան է սկսվել։ Այս մասին Թուրքիայի կառավարության նիստից հետո ասել է այդ երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

՛՛Նրանք, ովքեր տարիներ շարունակ սադրել են Հայաստանը, իրենց համար օգուտներ են փնտրել այս աշխարհագրության մեջ ապրող բոլոր մարդկանց տառապանքների, դժվարությունների և կոնֆլիկտների վրա, իրականում ամենամեծ վնասն են հասցրել հայերին: Հայերին շահագործելով և օգտագործելով՝ նրանք նրանց դատապարտեցին անվստահության, նրանց մեջ առաջացրել են դատարկ երազանքներ, որոնք հնարավոր չէին իրականացնել։ Հայաստանը պետք է տեսնի և ընդունի այդ իրողությունները՛՛,-նշել է նա:

Էրդողանի խոսքով՝ ճիշտ կլինի, որ ՀՀ-ն անվտանգություն փնտրի հարևանների հետ համագործակցության մեջ:

՛՛Հայաստանի ժողովրդի և առաջնորդների համար ավելի ճիշտ կլիներ անվտանգություն փնտրել ոչ թե հազարավոր կիլոմետրեր հեռու, այլ խաղաղության և հարևանների հետ համագործակցության մեջ՛՛,-ասել է նա:

Էրդողանը նաև հավելել է. ՛՛Արևմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զինամթերք չի կարող փոխարինել խաղաղությանը, որը կբերի կայուն խաղաղ միջավայր: Մեր ամենամեծ ցանկությունն է, որ հայերը բաց չթողնեն 30 տարի անց ի հայտ եկած խաղաղության հնարավորությունը՝ նորից կառուցելով տարբեր պատրանքներ: Եվս մեկ անգամ կոչ ենք անում Հայաստանին ընդունել մեր ադրբեջանցի եղբայրների մեկնած խաղաղության ձեռքը։ Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մենք՝ Թուրքիան, նույնպես պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հետ համագործակցության գործընթացում հաջողության հասնելու համար՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: