կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով․ Փաշինյանը՝ Կիրանցի բնակիչներին

Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով․ Փաշինյանը՝ Կիրանցի բնակիչներին

Սա առաջին հանդիպումն է, բայց վերջինը չի. այսօր բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը ես այսօր չեմ տա ոչ թե նրա համար, որ չեմ պատկերացնում, այլ որովհետեւ այդ հարցի պատասխանը պայմանավորվածություններով պետք է ձեւակերպվի, եւ մենակ մեզնից չի կախված: Այս մասին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում բնակիչների հետ դահլիճում հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բնակիչներից մեկը հարց ուղղեց. «Կիրանցը կպած է սահմանին, այդտեղ ցանկապա՞տ է լինելու, պարի՞սպ է լինելու, զինվո՞ր է կանգնելու, ոնց ենք մեր անվտանգությունը պահելու»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես միայն մի բան կարող եմ ասել, որ մենք կարող ենք գնալ լուծումների առնվազն վստահության որոշակի մակարդակ ունենալով, որ մենք այդ անվտանգությունը ապահովելու ենք: Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով: Սահմանը մի երեւույթ է, որ իրավական պարիսպ է կառուցում: Սահմանագծման ամենակարեւոր արդյունքը կարող է լինել այն, որ զորքերը դիրքերը թողնեն եւ նրանց փոխարեն գան սահմանապահները: Այնտեղ, որտեղ կանգնած են սահմանապահները, իրար վրա կրակելը ընդհանրապես ընդունված չի: Այսինքն այդ հատվածում վեճ չկա: Կրակում են, որովհետեւ վեճ կա, եթե վեճ չկա կրակելու իմաստը գոյություն չունի:

Եթե մենք սահմանը գծենք, ֆիքսենք, ապահովենք, որ գյուղերի բնակիչների միջեւ բախումներ տեղի չեն ունենա, առիթները բացառենք, կրակելը դառնում է անիմաստ, եթե երկիրը երկրին պատերազմ չի հայտարարում: Եթե դու ունես սահման, դու ունես իրավական պարիսպ, որը երկրի որոշելու հարցն է՝ ինքն ուզո՞ւմ է այդտեղ նաեւ ֆիզիկական պարիսպ ունենա, թե ոչ: Կարող է իրավիճակը այնպիսին լինի, որ մենք իրար հետ որոշենք, որ պետք է, կամ որոշենք, որ պետք չի»:

Բնակիչներից մեկը նկատեց, որ 2 ամիս առաջ «Google»-ի քարտեզներով սահմանն անցնում էր իր տան միջով, իսկ հիմա այն մի 50 մետր տեղափոխվել է. «Եթե զորքը եկավ կանգնեց, թե հայկական, թե ադրբեջանական, ես այդ տանը ոնց կարող եմ ապրել»,- հարց ուղղեց գյուղացին:

Փաշինյանն արձագանքեց. «Ես ասացի, որ մենք պետք է գանք եւ այդ հարցի պատասխանը տանք: Մենք հիմա այդ աշխատանքի եւ բանակցությունների ընթացքում պետք է սեղանին դնենք նաեւ ձեր հարցը, ասենք՝ էս մարդն իր տանը ո՞նց է ապրելու,  ինչ երաշխիքներ ենք մենք տալիս: Ու այդ հարցին ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանն էլ պետք է պատասխանի: Ես հիմա եկել եմ ոչ թե ձեր հարցին պատասխանելու, այլ ձեր հարցը վերցնելու, ինձ հետ տանելու եւ այդ ողջ սահմանագծման աշխատանքի օրակարգի սեղանին դնելու, եւ ասելու՝ էս մարդու հարցին պատասխանեք: Մենք գալու ենք եւ այդ հարցին անկեղծ պատասխանելու ենք: Ասելու ենք՝ հարգելի պարոն Սիմոնյան, էսօրվա դրությունը հետեւյալն է, որ դուք կարողանալու եք ձեր տանը հանգիստ ապրել, որովհետեւ... ու պայմաններ ենք նշելու: Դրանից հետո ձեր արձագանքն ենք լսելու, ձեզ համար դա համոզիչ է, թե ոչ»:

  • Կիսվել: