ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մենք շատ կարևորում ենք եվրոպական փորձի ներդրումն ու փոխանակումը. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Լիտվայի դեսպանին

Մենք շատ կարևորում ենք եվրոպական փորձի ներդրումն ու փոխանակումը. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Լիտվայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Անդրիուս Պուլոկասի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել հայ-լիտվական հարաբերությունների զարգացումը, մասնավորապես մշակույթի ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, թանգարանային ոլորտի վերապատրաստումների անցկացման հնարավորությունները:

Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ նշելով, որ թանգարանային ոլորտի զարգացումը Կառավարության ծրագրում գերակա շեշտվածություն ունի և մասնագիտական կարողությունների զարգացումը կնպաստի մեր մշակութային ժառանգության պահպանմանն ու նոր հմտությունների տեղայնացմանը:

«Մենք շատ կարևորում ենք եվրոպական փորձի ներդրումն ու փոխանակումը, նոր մոտեցումների յուրացումը»,- ասել է նախարարի տեղակալը: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է նաև, որ ՀՀ կառավարության համար առանցքային է մշակույթի ոլորտում զարգացնել ստեղծագործական արդյունաբերությունը՝ որպես տնտեսության բաղադրիչ:

Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները նաև կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը գործընկերների ուշադրությունը հրավիրել է 2020 և 2023 թվականների Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ  մնացած հայկական պատմության և մշակույթի շուրջ 5000 անշարժ հուշարձանների մոնիտորինգի, հետագա պահպանության հարցերին: Փոխնախարարի խոսքով՝ դրանք նաև համաշխարհային մշակութային ժառանգության եզակի արժեքներ են:

  • Կիսվել: