Մենք պատրաստ ենք հետաձգված հանդիպումը անել Մոսկվայում․ Արարատ Միրզոյան
Երեկ Բեռլինում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանն արձագանքել է Երևանի առաջարկներին և որ կողմերն աշխատում են պայմանագրի տեքստի շուրջ:
Այսօր Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո Միրզոյանը նաև պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ է արձագանքել Բաքուն:
«Ընդունու՞մ է արդյոք Բաքուն իր 5 սկզբունքներն ընդարձակելու, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը ներառելու Երևանի առաջարկը: Եվ Մոսկվան հայտարարում է, որ պատրաստ է կազմակերպել այդ հարցով հետաձգված հանդիպումը Մոսկվայում: Երևանը պատրա՞ստ է գնալ այդ հանդիպմանը: Եվ այդ հարցում ընդհանրապես ազդեցություն ունի՞ վայրը Երևանի համար: Եվ կարո՞ղ ենք ասել, որ Երևանի և Մոսկվայի միջև խնդիր կա, ճգնաժամ կա»,-հարցրել է լրագրողը:
Միրզոյանը վերահաստատել է երեկվա ասածը` հավելելով, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակական գործընթաց են, և կողմերը շարունակաբար մի քանի փուլով փոխանակվում են առաջարկություններով, մեկնաբանություններով, հիմնավորումներով:
«Ապա, նոր փուլ, նոր առաջարկություններ: Եվ այսպես գործընթացը ենթադրաբար պետք է առաջ տարվի: Այս գործընթացին զուգահեռ տեղի են ունենում նախարարների հանդիպումներ, որտեղ քննարկվում են այս առաջարկները:
Իսկապես, մենք հնարավոր չգտանք մասնակցել Մոսկվայում դեկտեմբերի 23-ին պլանավորված հերթական քննարկմանը՝ ակնհայտորեն, Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից ելնելով: Բայց ես նշել եմ արդեն, որ չմասնակցելով, մենք միևնույն է փոխանցել ենք մեր առաջարկները հեռավար կարգով: Եվ ահա, մի քանի օր առաջ՝ 10-15 օր առաջ, ստացել ենք Ադրբեջանի պատասխանը: Փոխանցվել են հերթական մեր առաջարկները, ապա, հերթական ադրբեջանական առաջարկները, և, ըստ էության, քննարկման փուլում ենք: Ուզում եմ ասել՝ սա ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը, մեծ հաշվով, կանգ չի առել, և՛ մեկնաբանությունները, և՛ առաջարկները շարունակվել են փոխանակվել: Եվ այժմ մենք հանդես կգանք մեր նոր մեկնաբանություններով` ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա:
Ինչ վերաբերում է հանդիպումներին, եթե կհիշեք, մենք չենք չեղարկել մոսկովյան հանդիպումը, մենք հետաձգել ենք հանդիպումը: Եվ, ինչպես այս ձևակերպումը թույլ է տալիս եզրակացնել, մենք որոշակի հարմար պահի նորից կգործարկենք այդ հետաձգված հանդիպումը: Հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում, հանդիպումները կարող են տեղի ունենալ այլուր: Եթե հետևել եք հետագծին, մենք տարբեր մայրաքաղաքներում և տարբեր քաղաքներում ենք այսպիսի հանդիպումներ ունեցել: Կուզեի ասել, որ երևի արդարացի կլինի նկատել, որ քաղաքի, վայրի ընտրությունը, իհարկե կարևոր է, բայց նաև չափազանց էական ազդեցություն գործընթացի վրա մեծ հաշվով գուցե չունի: Եվ այս առումով մենք պատրաստ ենք նորից հերթական հանդիպումը, բնականաբար, հետաձգված հանդիպումը անել Մոսկվայում:
Մոսկվայի հետ ճգնաժամ կա՞, թե չկա: Դաշնակցային հարաբերություններ են մեր երկրների միջև. կա շատ լայն երկկողմ և բազմակողմ օրակարգ, կան բազմաթիվ համաձայնություններ, կան որոշակի հարցերում անհամաձայնություններ, ընդ որում՝ հրապարակային, այդ թվում և կապված ՀԱՊԿ-ի դերակատարման և քաղաքական գնահատականների կամ դրանց բացակայության հետ: Ճգնաժամ անվանել դրանք երևի չափազանց ուռճացված կլինի: Մենք մշտապես կապի մեջ ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ, արդեն նշեցի, քննարկում ենք բազմաճյուղ, օրակարգի բոլոր հնարավոր հարցերը՝ բոլոր այն հարցերը, որտեղ համաձայնություն կա, և բոլոր նրանք, որտեղ առայժմ համաձայնություն չկա»,-պատասխանել է Միրզոյանը:


