Մենք նման քննարկում երբևէ չենք ունեցել. Ավինյանը՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Ամեն ամիս մամուլը գրում է, թե երբ է տեղի ունենալու Երևանի ավագանու ընտրությունները և հետևապես անընդհատ մամուլին անդրադարձ անելն ինձ համար դժվար կլինի: Մենք նման քննարկում երբևէ չենք ունեցել, մեր բոլոր օրակարգերում բաց ենք եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ի պատասխան լրագրողի այն հարցին, որ մամուլում շրջանառվում են լուրեր, թե հնարավոր է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացվեն։
Անդրադառնալով նաև իր գործունեությունը քարոզչություն որակողներին՝ Ավինյանն ընդգծեց, որ ինքն անում է իր աշխատանքը. «Արդյոք ես ճիշտ եմ վարվում, որ անում եմ այն աշխատանքը, որը պարտավոր է անել Երևանի փոխքաղաքապետը, այս հարցին է պետք պատասխանել: Եթե ես չկարողանայի անել այն աշխատանքը, որը պետք է անեի որպես փոխքաղաքապետ, դա կլիներ հակաքարոզչություն: Ամեն մարդ իր տեղում, իր դերում պետք է անի այն աշխատանքը, որը որ պետք է անի: Մեր լրատվամիջոցները կհամարեն դա քարոզարշավ, թե չեն համարի, ես այդ աշխատանքը պարտավոր եմ անել»:



