Ռուսաստանը շատ զգուշավոր է եղել իր քաղաքականության մեջ՝ փնտրելու բացառապես խաղաղ լուծումներ․ Մնացականյան
Ռուսաստանը շատ կառուցողական կերպով աշխատանք է իրականացրել մյուս երկու երկրների հետ՝ բոլոր շահագրգիռ կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար ընդունելի, փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ: Այս մասին «Sky News Arabia» հեռուստաընկերությանը տված հրացազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ապավինում են Ռուսաստանին՝ ռազմական բախումները դադարեցնելու հարցում, Մնացականյանն ասել է․
«Նախ և առաջ, թույլ տվեք կրկին անդրադառնալ նրան, թե ինչ ճանապարհով ենք հետամուտ լինում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Խաղաղ կարգավորումն առաջնահերթ գերակայություն է: Այն տեղի է ունենում միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը ներառում է Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը:
Ռուսաստանը շատ կառուցողական կերպով աշխատանք է իրականացրել մյուս երկու երկրների հետ՝ բոլոր շահագրգիռ կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար ընդունելի, փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանին ու Արցախին, մենք լիովին հանձնառու ենք այնպիսի լուծման, որը փոխզիջումային է, որը զգուշորեն մշակված է՝ բավարարելու անվտանգային շահերը, անվտանգային խնդիրները, բոլոր կողմերի առաջնահերթությունները, և Ռուսաստանը շատ զգուշավոր է եղել իր քաղաքականության մեջ՝ փնտրելու բացառապես խաղաղ լուծումներ:
Մենք մեծապես ողջունում ենք այդ քաղաքականությունը և կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ խաղաղ կարգավորման գործընթացին հետամուտ լինելու համար։ Պատերազմը տարբերակ չէ։ Դա աղետ է ողջ տարածաշրջանի համար: Մենք լիովին և կտրականապես մերժում ենք ռազմական որևէ լուծում, որևէ պատերազմ մեր տարածաշրջանում: Սա է մեր քաղաքականությունը»։


