կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի. ԱԳ նախարար

Նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի. ԱԳ նախարար

Շարունակվում են չկարգավորված մնալ հումանիտար հարցերը: Այդ մասին 2023-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Դեկտեմբերի 7-ին հնարավոր եղավ ձեռք բերել պայմանավորվածություն գերիների և պահվող անձանց փոխանակման մասին. ըստ այդմ, հայաստանյան կողմն ազատ արձակեց 2 ադրբեջանցիների, որոնք պահվում էին Հայաստանում, և ադրբեջանական կողմն ազատ արձակեց 32 հայ զինծառայողի: Նաև զուգահեռաբար պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ Հայաստանը հանում է իր թեկնածությունը «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը հյուրընկանելու հարցում և պաշտպանում է Ադրբեջանի թեկնածությունը, և հետագայում որոշվեց Բաքվում կազմակերպել այդ միջոցառումը: Սա, անշուշտ, որոշակի դրական իրադարձություն էր ձգձգվող բանակցությունների ֆոնին: Պետք է ասեմ, որ հայկական կողմը տրամադրված է շարունակել վստահության ամրապնդման միջոցաումները»,- նշեց Միրզոյանը:

ԱԳ նախարարն ընդգծեց, որ չնայած դեկտեմբերի 7-ի մեկանգամյա դրական քայլի՝ հետագայում մենք տեսանք, որ կառուցողական մոտեցումը, առնվազն ադրբեջանական կողմից, չի շարունակվում․

«Դա դրսևորվեց և՛ պայմանագրի ադրբեջանական 7-րդ խմբագրական առաջարկների համատեքստում, և՛ նորից Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցը պետք է հիշատակեմ. այստեղ էական հետընթաց կար և հարված կար խաղաղության գործընթացին մի շարք առանցքային հարցերում. դա վերաբերում է և՛ ընդհանրապես տարածքային ամբողջականություն ճանաչելուն, և՛ կոնկրետ մակերեսներին կամ սահմաններին. Ադրբեջանի նախագահն անգամ հղում էր կատարում ինչ-որ քարտեզների 18, 20 թվականների. անգամ խոսում էր նոր սահմաններ գծելուն. ուզում եմ ընդգծել, որ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի: Շարունակում ենք մնալ վճռական մեր այն դիրքորոշման մեջ, որ սահմանազատման գործընթացի ընթացքում համապատասխան հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքեր ունեցող իրավական հիմքերով գծված սահմանները այն կերպ, ինչպես նրանք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին, ինչի մասին խոսում է Ալմա Աթայի հռչակագիրը: Անշուշտ, սահամանզատման հանձնաժողովները որոշակի փոխադարձ ընդունելի ճշգրտումներ կարող են անել սահմաններին, բայց ես կրկնում եմ՝ նրանք կարող են միայն վերարտադրել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել»:

  • Կիսվել: