ԱԳ փոխնախարարը ՍՏԾՀ նիստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա սկզբունքները
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հունիսի 27-ին մասնակցել և ելույթով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 50-րդ նիստին։
Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է կազմակերպության դերակատարությունը՝ որպես տարածաշրջանում քաղաքական երկխոսության և ոլորտային լավագույն փորձի փոխանակման հարթակ, և վերահաստատել է ՍԾՏՀԿ գործող ընթացակարգերի բարեփոխման վերաբերյալ Հայաստանի առաջարկները՝ կազմակերպության աշխատանքների արդյունավետությունն ամրապնդելու նպատակով:
ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նախարարի տեղակալն ընդգծել է ՍԾՏՀԿ մանդատի հիմքում ընկած բաց սահմանների, մարդկանց, ապրանքների և ծառայությունների անարգել տեղաշարժի և ներառական տնտեսական համագործակցության ապահովման տարրերի կարևորությունը:
Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառուցողական և արդյունավետ ներգրավվածությունը կազմակերպության շրջանակներում՝ ուղղված խաղաղության, կայունության, անվտանգության, համագործակցության և կայուն զարգացման խթանմանը Սևծովյան տարածաշրջանում և դրանից դուրս։
ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով տարածաշրջանում համագործակցությանն ու փոխկապակցվածությանն ուղղված ՀՀ օրակարգին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման ՀՀ պատրաստակամությունը՝ հիմնված բոլոր ներգրավված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:
«Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ և վստահության ձևավորման կարևոր միջոց»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: