երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Մենք լայն հասարակական հաշտության կարիք ունենք. Բագրատ Սրբազան

Մենք լայն հասարակական հաշտության կարիք ունենք. Բագրատ Սրբազան

Մենք շատ վճռորոշ ժամանակներում ենք գտնվում, սեղանին է դրված մեր հայրենիքի ներկան, ոչ թե ապագան: Այս մասին այսօր  բժշկական համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսելով իր առաջնորդած պայքարի նպատակների մասին։

Նա, մասնավորապես, ասաց. «Երբ Տավուշից սկսել ենք այս շարժումը և եկել, հասել ենք Երևան, մեր ծրագիրը մեկն է եղել՝ դադարեցնել այս ապօրինի գործընթացը, որը սարսափելի դերակատարություն է ունենալու մեր կյանքում՝ ուղղակիորեն դառնալով մեր ստորացման վերջին աստիճանի սկիզբը, մեխը։ Այդ պատճառով ենք մենք դուրս եկել փողոց։ Արքեպիսկոպոս մարդ՝ որոշել է դուրս գալ փողոց․ անընդունելի է՝ բառիս բուն իմաստով։ Բայց սա ճիչ է ուղղակի, աղաղակ է, որ չի՛ կարելի այսպես: Ո՞վ է հանդուրժելու այսքան նվաստացում, անկարելի է։ Սա համարեք աղաղակ, ճիչ... Լուծումը պետք է գտնվի։

Դրա լուծումը մեկն է․ ստորացման, նվաստացման խորհուրդը պետք է վերանա մեր կյանքից։ Գռեհկությունը, սուտը, անընդհատ խաբելը միմյանց՝ պետք է վերանան

Մենք ապաքինման կարիք ունենք, հաշտության կարիք ունենք՝ լայն հասարակական հաշտության։ Մենք արժեքների մասին պետք է խոսենք՝ ոչ հայհոյախառն լեզվով, որը հորդում է խորհրդարանի ամբիոնից, ամեն տեղից։

Տեսեք՝ ինչ խոսք է թափվում մեր կյանք, սա ո՞ւմ համար է հաճելի և ընդունելի»։

Ըստ Բագրատ Սրբազանի՝ լուծմանը հասնելու ճանապարհին բազմաթիվ անելիքներ կան՝ խորհրդակցություններ, հանդիպումներ բոլոր ոլորտների, մասնագիտական բոլոր համայնքների ներկայացուցիչների հետ, որից հետո՝ մեծ հաանրահավաք, որտեղ էլ կներկայացվեն Ճանապարհային քարտեզն ու կնշվեն կոնկրետ քայլերը։

«Բոլորին անխտիր հանդիպելու ենք, որից հետո մեծ հանրահավաք ենք գումարելու և որոշակիորեն ասելու ենք՝ կոնկրետ ինչ է տեղի ունենալու և ինչ ենք անելու՝ մեր նպատակի ու ծարգրի համար։

Հոգևոր Հայաստանը իր բոլոր արժեհամակարգային արտահայտություններով ու հատկանիշներով պետք է հաղթի այս չկամեցած իրավիճակին»,-նշեց նա:

  • Կիսվել: