հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. Ռոբերտա Մեցոլա

Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. Ռոբերտա Մեցոլա

Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացումը՝ հիմքում ունենալով Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանության, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Եվրոպան կշարունակի աջակցել Հայաստանին՝ այսօրվա վիճակը հաղթահարելու գործում»,- հայտարարեց նա:

Ռոբերտա Մեցոլան նաեւ նշեց, որ իրենք իրենց աջակցությունն են առաջարկում ԼՂ-ից փախստականների հոսքի կապակցությամբ, ինչպես նաեւ Հայաստանում նրանց վերաինտեգրման հարցում. «ԵՄ երկրներից շատերը նաեւ տեխնիկական միջոցներ, սնունդ եւ դեղորայք են տրամադրում ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի միջոցով:

Մենք կոչ ենք անում վերսկսել բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ առկա բոլոր խնդիրների վերաբերյալ՝ նպատակ ունենալով կնքել խաղաղության պայմանագիր։ Մենք ամբողջովին հանձնառու ենք աջակցելու այդ բանակցություններին: Մենք ամբողջությամբ հանձնառու ենք աջակցելու երկխոսությանը բոլոր կողմերի միջեւ Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո, ԵՄ հատուկ ներկայացուցչի աջակցությամբ, որպեսզի տեւական խաղաղություն ապահովվի հանուն տարածաշրջանի բոլոր մարդկանց»,- ընդգծեց նա:

Մեցոլան նաեւ բարձր գնահատեց Հայաստանի ժողովրավարամետ ուղիով ընթանալը. «Աջակցում ենք ձեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին, ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցությանը»,- ասաց նա:

  • Կիսվել: