ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք իրավունք չունենք խախտել մարդկանց անմեղության կանխավարկածը․ Վաղարշակ Հակոբյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Մենք իրավունք չունենք խախտել մարդկանց անմեղության կանխավարկածը․ Վաղարշակ Հակոբյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

Նման տեղեկություն չունեմ և չեմ կարող գնահատական տալ այս պահին և նման օրակարգ ընդհանրապես չկա»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՔՊ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսպես պատասխանեց լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է Գլխավոր դատախազը ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար միջնորդագրով մտնի ԱԺ։ Լրագրողները մասնավորապես նկատի ունեին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շուրջ հարուցված քրեական վարույթները և վերջին օրերին դրանց շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։ 

Խոսելով այս դեպքերի շուրջ կոռուպցիոն հավանական ռիսկերի մասին՝ Հակոբյանը նկատեց․

«Մեր իրավապահ համակարգը աչալուրջ հետևում է, իր գործունեությունը ծավալում է, դուք բոլորդ տեսնում եք, որ 2018-ին հռչակած հեղափոխական արժեքների մեջ էր նաև կոռուպցիայի դեմ պայքարը և սա պայքարի մի մասն է։ Բայց մենք իրավունք չունենք խախտել մարդկանց անմեղության կանխավարկածը, իրավունք չունենք գնահատական տալ մինչև կոնկրետ գործընթացի ավարտը, դատարանի որոշումը և իրավապահ մարմինների վերջնական գնահատականը։ Անմեղության կանխավարկածը պետք չէ խախտել և սա շատ կարևոր սկզբունք եմ համարում, պարոն Թորոսյանի հետ առնչվող գնահատականների հետ կապված՝ խնդրում եմ հարգել նրա անմեղության կանխավարկածը»,- նշեց Հակոբյանը։ 

Հակոբյանի խոսքով՝ այս հարցի շուրջ առավել ճիշտ է մեկնաբանություններ ստանալ հենց Թորոսյանից․ «Ես վստահ եմ, որ պարոն Պետրոսյանը կմեկնաբանի, պատասխաններ կարող եք ստանալ պարոն Թորոսյանից»։

Հակոբյանը նշեց նաև․ «ՔՊ-ն ինքն իրենով թափանցիկ կուսակցություն է և դուք տեսել եք, որ բոլոր քաղաքական պրոցեսները՝ ընդհանրապես հանրության աչքի առաջ են տեղի ունենում»։  

Անդրադառնալով Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի ձերբակալությանը, որ 2020-2022թթ. ընթացքում զբաղեցրել է Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, Հակոբյանը նկատեց․ «Առաջարկում են նաև չխախտենք Գևորգ Սիմոնյանի անմեղության կանխավարկածը»։ 

  • Կիսվել: