երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին

Մենք էլ չենք ստացել ՌԴ-ից ռազմաբազան ՀՀ-ից հանելու դիմում. Ալեքսանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին

Եթե ՌԴ-ն ուզում է հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից, պիտի հայտարարեն դրա մասին, եթե չեն ուզում հանել, դա քննարկման հարց է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը, թե ՌԴ-ն ռուսական ռազմաբազան դուրս հանելու վերաբերյալ դիմում չի ստացել ՀՀ-ից:

Այս համատեքստում լրագրողը հետաքրքրվեց՝ ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է դիմել պաշտոնական Մոսկվային 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարցով:

«Ինչքանով ես եմ տեղյակ, ՀՀ-ն էլ, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությունը կամ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը և խորհրդարանն էլ նման դիմում, տեղեկանք կամ հաղորդում չեն ստացել ՌԴ-ից, որ ՌԴ-ն պատրաստվում է դուրս բերել ռազմաբազան:

Եթե ցանկանում են դուրս բերել ռազմաբազան, կարելի է քննարկել: Մենք էլ չենք ստացել իրենցից նման դիմում: Չգիտեմ էլ՝ նրանք առաջիկայում կդիմե՞ն, թե՞ չէ:

Հարցը հետևյալն է, եթե նրանք ուզում են հանել ռազմաբազան, պետք է հայտարարեն դրա մասին, եթե չեն ուզում հանել ռազմաբազան, դա քննարկման հարց է»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ իրականում ռազմաբազան պահելը թանկ է նստում ՀՀ-ի համար, բայց միևնույն է, այդ հարցը քննարկման հարց է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Մոսկվան հայկական կողմից դիմում չի ստացել։

  • Կիսվել: