կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում. Փաշինյան

Մենք արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում. Փաշինյան

ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները զարգանում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի հիման վրա եւ դրա շարջանակներում: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Ռուսաստանի մեղադրանքներին, թե Հայաստանը փոխում է վեկտորը եւ գնում է դեպի Արեւմուտք, Փաշինյանն ասաց. «Մենք ոչ մի վեկտոր չենք փոխում: ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագիրը 2018-ից առաջ է ստորագրվել եւ վավերացվել: Մենք դրա մեջ ոչինչ չենք փոխում: Ռուսաստանի հետ հարաբերություններում ինչ որ կա, մենք ոչ մի բան չենք չեղարկել: Ոչ մի տեղից դուրս չենք եկել»,-ասաց նա:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե չեղարկելու մի քանի ձեւ կա՝ մեկը, որ վերցնում ու չեղարկում ես, մյուսը՝ որ չես գնում ՀԱՊԿ-ի զորավարժություններին, չես նշանակում այդ կառույցում ներկայացուցիչ, հանդիպումներում քո ներկայությունն իջեցնում ես փոխնախարարի մակարդակի, Փաշինյանն ասաց. «Մենք երբեք չենք թաքցրել այն խնդիրները, որոնք կան: Նույն ՀԱՊԿ-ի հետ կապված 2021-ի իրադարձությունները կան: Մենք օրինակ, 2020-ին ՀԱՊԿ-ի հետ կապված մենք պրետենզիաներ չենք ներկայացրել, ոչ թել ՌԴ-ին, բայց 2021-ի Սոթք-Խոզնավարի իրադարձությունների ժամանակ մենք այո, շատ կոնկրետ խնդիրներ ենք բարձրացրել եւ շարունակում ենք բարձրացնել»:

  • Կիսվել: