հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մարուքյանը ներկայացրեց ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների իրենց ճանապարհային քարտեզը

Մարուքյանը ներկայացրեց ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների իրենց ճանապարհային քարտեզը

Ազգային ժողովում մեկնարկել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավիրած խորհրդարանական լսումները: Օրակարգում «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» ԱԺ հայտարարության նախագծի քննարկումն է:

Լսումների մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի դեկտեմեբրի 7-ի երկրաշարժի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակը:  

Այնուհետև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ներկայացրեց իրենց ճանապարհային քարտեզը, որը բաղկացած է 13 կետից: 

1. Պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձևավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն:

2. Հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակի ապահովում:

3. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում և վարում` հայանպաստ լուծումների հասնելու նպատակով: Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման և կենսագործման, երկարաժամկետ կայունության և խաղաղության, հայկական շահը արտահայտող, հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցությունների ընթացքի վերականգնում:

4. Հայաստան-Արցախ-Սփյուռք ներուժի համախմբում:

5. Ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի, ատելության խոսքի բացառում:

6. Պետական ինստիտուտների վերականգնում, ամրապնդում: Իրավապահ մարմինների աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգուկանոնի ամրապնդում` հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով:

7. Զոհված, անհետ կորած, գերեվարված, վիրավորված զինծառայողների և քաղաքացիական անձանց ու նրանց ընտանիքների կարիքների պատշաճ ապահովում:

8. Արցախահայության (այդ թվում` փախստականների) սոցիալական կարիքների անհապաղ լուծում և կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում:

9. Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում:

10. Միջազգային դոնորների համաժողովի հրավիրում՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, ԵՄ 27 երկրներ, Իրան, արաբական երկրներ և այլն: Հայաստան-Արցախ ավերված հատվածի վերականգնման համար առնվազն 1 մլրդ դոլար միջոցների ներգրավում:

11. Հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից և այլ պետությունների հետ: Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում:

12. Տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում, կայուն զարգացման ապահովում:

13. Ազատ, արդար ու թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ` խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում:

Մարուքյանն իր ելույթում այս կետերը ներկայացնելուց զատ նաև ընդգծեց, որ ոչ մի քաղաքական գործող միավորի հետ կամուրջներն այրված չեն և կարող են շարունակել շփումները և գալ ընդհանուր լուծումների: Ընդգծեց, որ լավ կլիներ, որ այսօր, օրինակ, «Իմ քայլը» խմբակցությունը ներկա լիներ լսումներին: Նշեց, որ  իրենց անընդհատ պնդում են, որ առանց «Իմ քայլի» ոչ մի հարց չի կարող լուծվել, քանի որ սահմանադրական ճանապարհով այդ փոփոխություններին հասնելու համար պետք է, որ «Իմ քայլը» խմբակցությունը գա այդ լուծումների դաշտ: 

  • Կիսվել: