շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մարուքյանն առկա իրավիճակում լուծում է համարում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելը

Մարուքյանն առկա իրավիճակում լուծում է համարում ազգային համաձայնության կառավարություն ձևավորելը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը քարոզարշավի 10րդ օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ խոշոր քաղաքներում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով այս պահին «Լուսավոր Հայաստանը» 3-րդ տեղում է։ 

«Ես ձեզ ներկայացնեմ մեր ուսումնասիրությունները, որոնք իրականացրել ենք խոշոր քաղաքներում: Այս պահին «Լուսավոր Հայաստանը» 3-րդ տեղում է: Բավական ակտիվ քարոզարշավ ենք անցկացրել, մեր ուղերձները տեղ են հասել և, ի զարմանս մեզ, ավելի շատ ազդեցություն են ունեցել, քան մենք կարծում էինք: Մեր ուղերձի ավելի շատ ազդեցություն ունենալուն օգնել են միմյանց ոչնչացնելու մոլուցքով տառապող երկու բևեռները: Իրենք միմյանց նկատմամբ այնքան են սրել պայքարը, որ կենտրոնական հատվածում ազգային միասնական կառավարություն ստեղծելու համերաշխության ուղերձը երկու անգամ ավելի էֆեկտ է տվել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա վստահեցրեց, որ առաջիկա օրերին ևս ակտիվ շարունակելու է իր քարոզարշավը՝  նախընտրելով ավելի շատ տնետուն այցելությունները, բակերում բնակիչների հետ հանդիպումներ ունենալը, քան դահլիճային կամ արհեստական ցույցերը: «Իրենք խնդիր են դրել իրենց ուղերձները հասցնել նրանց, որոնք չեն կողմնորոշվել»:

Ինչ վերաբերոյ է հետընտրական շրջանին՝ ԼՀԿ վարչապետի թեկնածուն հավաստիացրեց, որ իրենք ընտրություններից հետո բացառիկ դեր են խաղալու հնարավոր բախումները կանխելու, համերաշխության կառավարություն ձևավորելու գործում:

«Ես տեսնում եմ, որ այլ քաղաքական ուժեր ևս միանում են համերաշխության ուղերձին: Այսօր մեր թշնամին սահմանը հատած Ադրբեջանի զորքն է, մենք ներսում թշնամիներ չենք կարող փնտրել, մենք պետք է գնանք համերաշխության ճանապարհով, դրան այլընտրանք չկա: Այս ընտրությունները դրվել են, որ լուծումներ գտնենք: Բանալին ազգային համաձայնության կառավարություն ձևավորելն է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

  • Կիսվել: