ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Մարտի 1»-ի գործ գոյություն չունի. կա մի մեծ գործ, որի նյութերը ոչ մեկին չեն տալիս. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

«Մարտի 1»-ի գործ գոյություն չունի. կա մի մեծ գործ, որի նյութերը ոչ մեկին չեն տալիս. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

«Մարտի 1»-ի գործի շրջանակներում կան բազմաթիվ դատավճիռներ, այդ գործի շրջանակներում քննվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի գործը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 29-ին,  «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

««Մարտի 1»-ի գործ գոյություն չունի. կա մի մեծ գործ, որի նյութերը ոչ մեկին չեն տալիս, հետեւաբար, գործը շարունակվում է քննվել տարբեր դրվագներով, իսկ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը ընդհանրապես 10 զոհերի եւ վիրավորների մասին չէ: Այս գործով, ըստ էության, մենք տեսնում ենք երկու գործողություն. 2008-ի փետրվարի 23-ին բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպումը եւ մարտի 1-ի արտակարգ դրության հրամանագիրը: Մնացածը, ինչ ասում են, օրինակ, զորքեր օգտագործել, չօգտագործել, դրանք կատեգորիաներ են, որտեղ չի ասվում, թե ինչ է արել պարոն Քոչարյանը: «Զորքեր օգտագործելը» գործողություն չի, պետք է ասել՝ հրամայել է տեղակայել այստեղ: Չկա նման որեւէ ձեւակերպում»,-ասաց պաշտպանը:

Նա տեսանյութ ցուցադրեց, որտեղ ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարում է, որ սխալ է պնդում անել, թե ՀՔԾ-ն ասում է, որ ընտրությունները 2008-ին կեղծվել են, քանի որ դրանք քաղաքական հայտարարություններ են:

«Մեղադրանքը չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի կողմից այդ 10 անձանց սպանելու ցուցում տալու կամ այդ սպանությունները կազմակերպելուն»,-ասում է Սասւն Խաչատրյանը:

Ըստ Արամ Օրբելյանի՝ այդ գործը հեռանկար չունի։

Փաստաբանն անդրադարձավ նաև անձեռնմխելիությանը և նշեց, որ նախագահի անձեռնմխելիության հետ կապված Սահմանադրության մեջ ունենք 140 հոդված:

«Նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար, արտակարգ դրության հրամանագիր ստորագրելը աշխարհի ոչ մի երկրի ողջամիտ մարդ չի կարող ասել, թե իր լիազորություններից բխող գործողություն չէ»,-ասաց նա:

  • Կիսվել: