շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ․ Ինետա Տոնոյանը՝ «Դոսյե»-ի հրապարակման մասին

Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ․ Ինետա Տոնոյանը՝ «Դոսյե»-ի հրապարակման մասին

Մարդու անձնագրի պատճենը կարող է լինել ցանկացած մեկի մոտ և այդտեղ որևէ էքստրաօրդինար կամ աշխարհասասան բան պետք չէ փնտրել: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով «Դոսյե կենտրոնի» հետաքննության մեջ Գագիկ Ծառուկյանի մասին անդրադարձը։

«Կարծում եմ՝ այստեղ լուրջ անելիքներ ունի մեր Ազգային անվտանգության ծառայությունը։ Եթե ներքին հորինված թշնամիների դեմ պայքարելու փոխարեն, ներուժը օգտագործեն արտաքին վտանգների հակազդմանը, ապա նման խնդիրների թերևս չենք բախվի», - հայտարարեց Տոնոյանը։

Հիշեցնենք՝ ռուս վտարանդի գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե-Կենտրոնը հետաքննություն էր իրականացրել՝ ուսումնասիրեով՝ տասնյակ գաղտնի փաստաթղթեր, վերլուծական զեկույցներ և օպերատիվ ամփոփագրեր: Ըստ աղբյուրի, Հայաստանում Վ․ Չերնովի գլխավորած ՌԴ արտաքին հետախուզությունը «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց է գործի դրել Հայաստանում՝ և՛ ակնհայտ, և՛ շատ ընդհատակյա: «Նրանք արմատներ են գցել համարյա բոլոր պետական կառույցներում` կառավարությունում, խորհրդարանում, հատուկ ծառայություններում, Արտաքին գործերի նախարարությունում», - նշվում է զեկույցում։ Աղբյուրը ՀՀ ԱԱԾ-ն համարել է ռուսականի՝ Լյուբյանկայի մասնաճյուղ և որպես դրա ղեկավարները հիշատակում Գեորգի Կուտոյանին, Արթուր Վանեցյանին։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնագրի պատճենը, ըստ «Դոսյեի», եղել է Չերնովի քարտուղարությունում: Թե երբ և ինչ նպատակով է Ծառուկյանի անձնագրի պատճենը հայտնվել ու պահվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի թղթապանակում, հետաքննությունը չի մանրամասնում, բայց փաստում է, որ նա ժամանակին աջակցել էր Փաշինյանին, իսկ հիմա դարձել է նրա գլխավոր ընդդիմախոսն ու հրաժարականն է պահանջում:

Նկատենք՝ երեկ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը լրագրողներին հայտարարել է, որ հետաքննության մեջ նշված փաստերի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: