երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան

Մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Սիրելի՛ ժողովուրդ,
 
Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
 
109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ և անդառնալի կորուստներ:
 
Ցավոք, բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում` հայերի համար սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը:
 
Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում:
 
Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի ու վերանա ժողովրդավարության, օրենքի գերակայության, պետականության և պետությունների ինքնիշխանության ճանաչման ու ազգային ամուր մտածողության շնորհիվ:
 
Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու՝ իբրև ինքնիշխան պետություն, որն ի զորու է պաշտպանել սեփական ազգային շահերն իր մտածողությամբ, կրթվածությամբ և ստեղծարար աշխատանքով:
 
Ցավը և վիշտը, որոնք կան յուրաքանչյուր հայի սրտում, պետք է վերածվեն մեր ազգային պետականության կենսական շահերի պաշտպանության և սեփական ճակատագրի առջև պատասխանատվության:
 
Խաղաղությո՛ւն մեր անմեղ նահատակների հոգիներին»,- ասված է ուղերձում:

  • Կիսվել: