հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՄԱԿ-ում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առցանց միջոցառում․ ԱԳՆ

ՄԱԿ-ում տեղի ունեցավ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առցանց միջոցառում․ ԱԳՆ

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «Զանգվածային լրատվամիջոցները ցեղասպանության կանխարգելման գործում․ թվային դարաշրջանի խոստումը և վտանգները» խորագրով առցանց քննարկում՝ նվիրված մամուլի դերին զանգվածային ոճրագործությունների ռիսկերի բացահայտման և ցեղասպանության կանխարգելման գործում։

Առցանց հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, ինչպես նաև ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառման մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը կանխարգելելու ինքնության հողի վրա հանցանքները։ Անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ու վարձկանների ներգրավմամբ ռազմական ագրեսիային Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ակնհայտ ցեղասպանային նկրտումներով։ Կարևորելով մարդու իրավունքների կրթության, հանդուրժողականության և խաղաղ գոյակցության մշակույթը՝ ԱԳ նախարարը նշեց մամուլի աճող նշանակությունը մարդկության նկատմամբ հանցագործությունների կանխարգելման գործում։

Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն, Գլոբալ հաղորդակցությունների հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Մելիսա Ֆլեմինգը, Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների հետազոտության ինստիտուտի խաղաղաշինության և իրավունքների ծրագրի տնօրեն Դևիդ Ֆիլիպսը, Հոլոքոստի, Մարդու իրավունքների և ցեղասպանության կրթության կենտրոն, Շոայի ինստիտուտի գործադիր տնօրեն Սառա Բրաունը, The Promise ֆիլմի ռեժիսոր, մրցանակակիր Թերի Ջորջը, Քոլգեյթ համալսարանի պրոֆեսոր, գրող Պիտեր Բալաքյանը, Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրեն Սայմոն Ադամսը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Անրի Տերիոն։

Միջոցառման մասնակիցները քննարկեցին ավանդական ու ժամանակակից մամուլի ներգործությունը հանրային կարծիքի վրա՝ ընդգծելով մամուլի ազատության առանցքային դերը վաղ զգուշացման և ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործում։

  • Կիսվել: