հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն այսօր հանդիպում ունեցավ հումանիտար հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ եւ ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը ՀՀ մշտական ներկայացուցիչը խորին մտահոգություն հայտնեց Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժման հումանիտար հետեւանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների եւ քաղաքացիական բնակչության տեղահանման կապակցությամբ։

Մհեր Մարգարյանը հատկապես ընդգծեց ռազմական գործողությունների հետեւանքով սիրիահայ համայնքի եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների համար առաջացած սպառնալիքները, մասնավորապես՝ ինքնության հողի վրա հանցանքների ու զանգվածային ոճրագործության վտանգը։ ՀՀ դեսպանի կողմից շեշտվեց Սիրիայի հյուսիս-արեւելյան շրջաններում հումանիտար գործողություններ իրականացնելու եւ աջակցություն ցուցաբերելու կարեւորությունը՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին։

Կողմերը քննարկեցին այդ ուղղությամբ համագործակցության եւ ջանքերը համադրելու հնարավորությունները։

  • Կիսվել: