ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՄԱԿ-ի կանոնադրությունն իրավունք է տալիս ՀՀ-ին ինքնապաշտպանվել, խոցել հակառակորդի ռազմական օբյեկտները

ՄԱԿ-ի կանոնադրությունն իրավունք է տալիս ՀՀ-ին ինքնապաշտպանվել, խոցել հակառակորդի ռազմական օբյեկտները

Ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկայի թիրախավորումից հետո Հայաստանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով իրավունք է ձեռք բերում՝ դիմել ինքնապաշտպանության և խոցել այն բոլոր ռազմական օբյեկտները, որոնցից ակնհայտ վտանգ է սպառնում ՀՀ տարածքին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը:

«Սա ակնհայտ ագրեսիայի դրսևորում է: Սա առաջին դեպքը չէ, սրանից առաջ էլ Վարդենիսի տարածաշրջանում քաղաքացիական թիրախներ են խոցվել: Եվ սա հերթական ագրեսիայի ակտն է: Սրանով և սրանից առաջվա կատարված ակտերով էլ ՀՀ-ն իրավունք է ձեռք բերում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով դիմել ինքնապաշտպանության և խոցել այն բոլոր ռազմական օբյեկտները, որոնցից ակնհայտ վտանգ է սպառնում ՀՀ տարածքի նկատմամբ»,-ասաց Սիմոնյանը:

 

Միջազգային իրավունքը Հայաստանին լիարժեք հնարավորություն է տալիս դիմել ինքնապաշտպանության: Սիմոնյանը նշեց՝ ինքնապաշտպանությունը ենթադրում է ռազմական գործողությունների դիմում, ուժի կիրառում՝ ինչպես սեփական տարածքը պաշտպանելու նպատակով, այնպես էլ սեփական տարածքից դուրս ռազմական գործողություններ տեղափոխելու նպատակով:

Պատգամավորը հավելեց, որ մնում է տեղյակ պահել միջազգային կառույցներին, այդ թվում ՄԱԿ-ին, որ Հայաստանն իրականացնում է 51-րդ հոդվածով սահմանված իր՝ ինքնապաշտպանության իրավունքը:

  • Կիսվել: