չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
ՄԱԿ-ն ահազանգում է աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում մինչև 18 տոկոսով կրճատելու անհրաժեշտության մասին

ՄԱԿ-ն ահազանգում է աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում մինչև 18 տոկոսով կրճատելու անհրաժեշտության մասին

Ըստ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի՝ աշխարհը պետք է առաջիկա չորս տարվա ընթացքում կրճատի ածխածնի արտանետումները գրեթե մեկ հինգերորդով, իսկ մեկ տասնամյակի ընթացքում՝ գրեթե կիսով չափ, որպեսզի խուսափի կլիմայական թիրախների էական և աղետալի չափով գերազանցումից։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը։

Նշվում է, որ, ինչպես կարծում են ՄԱԿ-ում, չնայած ջերմաստիճանի բարձրացումը 1.5°C-ի սահմաններում պահելու (ինչպես խորհուրդ էին տալիս գիտնականները) «հնարավորությունների պատուհանն արդեն փակվել է», դեռ հնարավոր է սահմանափակել այդ թիրախի «գերազանցումը»:

Ըստ կլիմայական նպատակների և իրականացվող քաղաքականությունների միջև առկա «արտանետումների ճեղքի» վերաբերյալ զեկույցի՝ երկրները չեն կարողանում արտանետումների կրճատման իրենց երկարաժամկետ նպատակները վերածել կարճաժամկետ գործողությունների։

Ածխածնի համաշխարհային արտանետումները, կարծես, դադարել են աճել. 2025 թվականին արտանետումների մակարդակը հիմնականում նույնն էր, ինչ նախորդ տարի։ Սակայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի վերլուծաբանները զգուշանում են և դա չեն համարում կայունացման փուլ՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակի հետ կապված մեծ անորոշությունները և հանածո վառելիքից կախվածության աճը՝ չնայած վերականգնվող էներգիայի արագ աճին։

Հաղորդվում է նաև, որ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 18 տոկոսով, իսկ մինչև 2045 թվականը՝ 45 տոկոսով կրճատելը լավ հնարավորություն կտա՝ սահմանափակելու ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1.7°C՝ նախաարդյունաբերական մակարդակի համեմատ։ Այս դեպքում ևս վերջին մի քանի ամսվա ռեկորդային շոգերի նման երևույթները հաճախակի և սովորական կդառնան, սակայն սա կարող է օգնել կանխել դրանց կտրուկ վատթարացումը։

  • Կիսվել: