շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՄԱԿ ԱԽ-ում ՀՀ դեսպանը խոսել է Արցախի քաղաքացիական բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման մասին

ՄԱԿ ԱԽ-ում ՀՀ դեսպանը խոսել է Արցախի քաղաքացիական բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառման մասին

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ նվիրված ականային գործողության և խաղաղության պահպանության ոլորտում միջազգային համագործակցությանը, որին ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

Դեսպանը նշել է, որ ականները և ինքնաշեն պայթուցիկ սարքերը հատկապես բացասաբար են ազդում հակամարտության գոտիների բնակչության առօրյա կյանքի, նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնավորապես՝ կյանքի իրավունքի և զարգացման իրավունքի իրականացման վրա։
 
Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Սիրիայում հայկական հումանիտար առաքելության ականազերծման և ականային վտանգների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի Հումանիտար ականազերծման և փորձագիտաական կենտրոնի համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ։
 
Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրվել Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներգրավմամբ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի քաղաքացիական բնակչության դեմ արգելված զինատեսակների կիրառմանը և չպայթած զինամթերքով տարածքի աղտոտմանը։ Նշվել  է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների կողմից ականազերծման ուղղությամբ իրականացվող մեծածավալ աշխատանքը։

  • Կիսվել: