կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Լուկաշենկոն և Փաշինյանը ջերմ շփվեցին․ Բելարուսի նախագահը խոստացավ որևէ մեկի հետ բարեկամություն չանել՝ ընդդեմ Հայաստանի

Լուկաշենկոն և Փաշինյանը ջերմ շփվեցին․ Բելարուսի նախագահը խոստացավ որևէ մեկի հետ բարեկամություն չանել՝ ընդդեմ Հայաստանի

Դուք պետք է միշտ իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի մեջքին կանգնել: Այս մասին Երևանում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

 

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մտերմությանը.

 

 

«Այդպես է ստացվել, որ Դուք իմ շատ լավ ընկերն եք, և Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է: Եվ ի՞նչ կարող եմ ես անել՝ ես շատ լավ եմ վերաբերվում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հեյդար Ալիևն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք: Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի: Բացարձակապես ոչ: Եկեք Բելառուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատրաստ ենք աշխատել՝ ի շահ Հայաստանի: Հավատացեք, դրանք այդպիսի հարաբերություններ են»,- ասել է նա:

 

Լուկաշենկոն նաև ասել է, որ այս թեմային անդրադարձել է, թեև, գուցե, այն պետք չէր շոշափել, բայց ինքը չի ուզում, որ իրենց միջև որևէ մինչև վերջ չասված, չպարզված բաներ լինեն:

 

 

«Մենք պարտավոր ենք արտահայտել հայերի և բելառուսների սպասումները, մենք պետք է բարեկամություն անենք, քանի որ մեր ժողովուրդներն են բարեկամություն անում: Մենք պետությունների ղեկավարներ ենք, որոնք պետք է ժողովրդի կամքն իրագործեն: Ես հենց դրանից եմ ելնում: Սա ուղղակի խոսակցություն չէ, Դուք պետք է հավատաք իմ անկեղծությանը և իմացեք, որ մենք միշտ լավ ենք վերաբերվելու ձեզ՝ ինչպես հարազատներին, ինչպես եղբայրներին»,- շեշտել է Լուկաշենկոն:

 

«Ձեր երկրի նախագահը եկել, հանդիպել էր Բելառուսում հայկական սփյուռքի հետ, նրանց հարց ուղղեց՝ դուք ի՞նչ առարկություններ ունեք իշխանությանը, ոչ մի հայ չկանգնեց և չասեց, ընդ որում, նրանք մեր հայերն են, Բելառուսի հայերը, ասացին՝ մենք հարցեր չունենք ո՛չ նախագահին, ո՛չ իշխանություններին: Այդպես կլինի միշտ»,- հավելել է նա:

 

 

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ միմյանց հետ ուղղախոսության, բաց խոսելու մասին վաղուց են պայմանավորվել, և ինքը դա շատ է գնահատում.

 

 

«Դուք գիտեք, որ մենք Ադրբեջանի հետ բավական ոչ հեշտ հարաբերություններ ունենք, ուղիղ ասած՝ կոնֆլիկտային հարաբերություններ: Մենք այդ հարցը քննարկել ենք նաև ՀԱՊԿ շրջանակում: Իհարկե, յուրաքանչյուր պետություն պետք է հաշվի նստի սեփական շահերի հետ, բայց ես ցանկանում եմ ընդգծել, ինչպես որ խոսել էինք այդ մասին, մենք նաև հավաքական շահեր ունենք, և շատ ուրախ եմ, որ մենք ունակ ենք միասին աշխատել և քննարկել բոլոր նյուանսները՝ միասնական կարծիքի հանգելու համար: Իհարկե, ոչ բոլոր հարցերն են հեշտ, և ընդհանրապես զբաղվել այն գործով, որով մենք զբաղվում ենք, հեշտ գործ չէ: Վստահ եմ, որ մենք բավականաչափ իմաստություն, բավականաչափ խիզախություն և բավականաչափ կամք ունենք՝ բոլոր հարցերը լուծելու համար և այնպես լուծելու համար, որպեսզի մեր երկրների, մեր ժողովուրդների բարեկամությունը և եղբայրությունը զարգանան և գնալով ավելի ու ավելի ջերմանան: Ես դրանում վստահ եմ»,- հավելել է Հայաստանի վարչապետը:

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: