հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Փաշինյան

Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Փաշինյան

Դիմումներ են գրում, որ կառավարությանը քրեական պատասխանատվության ենթարկեն՝ Հայաստանի ինքնիշխան տարածք զիջելու համար այն դեպքում, որ իրենք հիմա Արծվաշենը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքը, զիջում են և այն մյուս 31 գյուղերի տարածքները զիջում են, իրենց քրեական պատասխանատվության ո՞վ է ենթարկելու: Այս մասին մայիսի 1-ին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընդդիմախոսների այն խոսքերին, ըստ որոնց՝ որտեղ մեր զինվորը կանգնած է, այդ հողը մերն է:

՛՛Այդ դեպքում ինչո՞ւ ենք 31 գյուղերի մասին ասում, այնտեղ որ կանգնած չէ, մեր հողը չէ՞: Արծվաշենը մեր հողը չէ՞, այսինքն՝ իրենք հրաժարվել ենւ՛՛,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով պնդմանը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանը վերացնել՝ Փաշինյանն ասաց. ՛՛Եթե ուզում են մեզ վերացնել, ուրեմն մենք պետք է կարողանանք կառավարել մեզ վերացնելու այդ ցանկությունը, պե՞տք է հարաբերվենք այդ ցանկության հետ, թե՞ չէ, պե՞տք է հասկանանք՝ այդ ցանկությունը մենք կարո՞ղ ենք փոխել, թե չենք կարող փոխել, թե մենք էլի զինվորին պետք է ասենք՝ մեզ ուզում են վերացնել, դու գնա տես ինչ ես անում, իսկ մենք գնանք Բադեն-Բադենում հանգստանանք կամ սովորենք, մեր երեխաները թող գնան այնտեղ ապրեն, դու տես՝ այստեղ ինչ ես անում այդ վերացնելու ցանկության հետ:

Մենք այս վերացնելու ցանկությունը պիտի՞ կարողանանք կառավարել, թե՞ ոչ: Հիմա Դուք հարց կտաք՝ ո՞նց կարող ենք մենք մեզ վերացնելու ցանկությունը կառավարել: Մի շատ կարևոր գործոնով՝ լեգիտիմությամբ: Մենք 20 և ավելի տարիներ Հայաստանի ներսում կռիվ տվեցինք լեգիտիմության կարևորության մասին: Հիմա, փառք Աստծո, այդ հարցը լուծել ենք: Բայց մենք նաև մեր արտաքին հարաբերություններում լեգիտիմությունը պետք է վերցնենք որպես բազա՛՛:

Դիտարկմանը, որ այդ լեգիտիմությունը չունի երաշխավոր, վարչապետն ասաց. ՛՛Լեգիտիմությունն ինքը երաշխավոր է՛՛:

Հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ ֆորպոստն ունի երաշխավոր, թեկուզ վատ երաշխավոր է, բայց երաշխավոր է, վարչապետն արձագանքեց. ՛՛Շատ լավ, եթե ֆորպոստն ունի երաշխավոր, ինչո՞ւ եք ասում մեր տարածքներն օկուպացված են և այլն: Կներեք, ես Ձեզ երաշխավորում եմ, որ լեգիտիմությունը շատ ավելի լավ երաշխավոր է, քան վատ երաշխավորը: Ես Ձեզ երաշխավորում եմ, որ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու լեգիտիմության բանաձևը շատ ավելի լավ և շատ ավելի ուժեղ երաշխավոր է, քան վատ երաշխավորը, քան նույնիսկ վատից մի քիչ լավ երաշխավորը, քան նույնիսկ լավից մի քիչ վատ երաշխավորը, քան նույնիսկ լավ երաշխավորը: Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը:

Եթե քո լեգիտիմությունը դու ուզում ես փոխել ուրիշի լավ երաշխավորությամբ՝ դու զիջում ես քո ինքնիշխանությունը, դու զիջում ես քո պետականությունը, դու զիջում ես քո անկախությունը: Այս պատմությունը սրա մասին է՛՛:

Պնդմանը, որ երաշխավոր ունենալու դեպքում քո մեջքին կանգնած է ուժ, իսկ մյուս դեպքում՝ միջազգային իրավունք, որն օր օրի ավելի խոցելի է դառնում, վարչապետը պատասխանեց. ՛՛Գիտեք, նայած որ կողմից նայեք: Կողմ կա, որ ավելի խոցելի է դառնում, կողմ կա, որ պակաս խոցելի է դառնում: Եվ այստեղ էլ ընտրության հարց կա՝ մենք ի՞նչ ենք ընտրում՝ մենք ընտրում ենք խոցելի միջազգային իրավունքը, թե՞ անխոցելի միջազգային իրավունքը:

Ընտրության հարց է, մենք պետք է ընտրություն կատարենք: Ընդ որում, մենք ընտրություն չունենք էլ, որովհետև մեր նախկին ընտրությունը ցույց է տվել մեր խոցելիությունը: Երբ մենք ասում ենք՝ չէ, մենք ընտրում ենք խոցելի միջազգային կարգը, այդ խոցելի միջազգային կարգը եկել է մեզ է խոցել: Երբ մենք ասում ենք, որ պետք է ընտրենք անխոցելի միջազգային կարգը, և այդ անխոցելի միջազգային կարգը մեզ պետք է դարձնի անխոցելի՝ ոչ միանգամից, ոչ մի գործողությամբ, ոչ մեկ օրում: Բայց սա ռազմավարություն է, որ մենք ընտրել ենք: Եվ ես հավատում եմ, որ ռազմավարություն է, որն ընտրել է մեր ժողովուրդը: Եվ ես՝ որպես ժողովրդի ներկայացուցիչ, ընտրել եմ այդ ռազմավարությունը:

Եվ այնտեղ մի նյուանս կար՝ լինել ֆորպոստ կամ չլինել: Հասկանու՞մ եք, որ ընտրությունը սրա մեջ է, այս ձևակերպումն արդեն ձևակերպման հեղինակների մտածողության ամպլիդուտի մասին է: Եվ սա հենց ֆորպոստի տրամաբանության մեջ է, որ՝ տես հա, դու կամ ֆորպոստ պիտի լինես կամ չլինես, տես հա՝ դու կամ պետք է չլինես կամ պետք է լինես ֆորպոստ: Այս դեպքում՝ ի՞նչ ընտրություն անենք, պարզ չի՞ ինչ ընտրություն անենք: Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մենք ուզում ենք այս բանաձևից դուրս գանք, երբ ընտրությունն այն չէ՝ լինել ֆորպոստ, թե չլինել՛՛:

  • Կիսվել: