չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԿԸՀ-ն վիճակագրական տվյալներ է ներկայացրել մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ

ԿԸՀ-ն վիճակագրական տվյալներ է ներկայացրել մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ

ՀՀ ԿԸՀ-ը ներկայացրել է վիճակագրական տվյալներ մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ըստ այդ տվյալների՝ 2023 թվականի մարտի 26-ին Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման համար կազմավորվել էր 61 ընտրական տեղամաu: Ընտրությունների դիտարկման համար հավատարմագրվել և դիտորդական առաքելություն են իրականացրել 1 հասարակական կազմակերպության և մեկ դաշինքի 55 դիտորդներ, 15 զանգվածային լրատվության միջոցի 74 ներկայացուցիչ:

Ընտրություններում առաջադրվել էին 5 կուսակցություն և կուսակցությունների 1 դաշինք։ Ընտրություններին մասնակցած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված է եղել 323 թեկնածու: Առաջադրված թեկնածուներից 2-ը ներկայացրել են ինքնաբացարկի դիմում, ևս 2 թեկնածու հետ է պահանջել իր վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը:

Արդյունքում՝ ընտրություններին մասնակցած 6 ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված են եղել ընդհանուր 319 թեկնածու, որից 209-ը՝ տղամարդ, 110-ը՝ կին:

Այս ընտրությունները որպես ՏԻՄ առաջինն էին, որ իրականացվեց ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում: Հատկանշական է, որ ԿԸՀ կայքի միջոցով հնարավոր էր հետևել նաև ԸԸՀ-ների նիստերին։

Քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված է եղել 487 քաղաքացի և 87 քաղաքացի՝ տեխնիկական սարքավորման մասնագետի կարգավիճակով (քվեարկության օրը բացակայել է 1 անձ, 34/17 ԸԸՀ-ի քարտուղարը)։

Ընտրական փուլում գործարկված 87 տեխնիկական սարքավորումների պարագայում ընդամենը 7 տեխնիկական սարքավորումներ են խնդիրներ ունեցել, որոնք անհապաղ լուծում են ստացել։ Առկա չի եղել որևէ դեպք, երբ դադարեցվի տեխնիկական սարքավորման աշխատանքը։

Ընտրությունների կազմակերպման համար պատասխանատվություն ստանձնած սահմանադրական մարմինը՝ ԿԸՀ-ն, ձեռնարկել է մի շարք միջոցառումներ՝ հաշմանդամության խնդիր ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրացումն ապահովելու համար․ բոլոր 61 տեղամասային ընտրական հանձնաժողովներում առկա են եղել Բրայլյան կաղապարներ, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների և կուսակցության դաշինքի բրայլյան տպագրությամբ ցուցակները։

Ընտրողները տեղեկացվել են ընտրական հանձնաժողովների կազմերի, գտնվելու վայրերի, աշխատաժամերի, ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, թեկնածուների առաջադրման և գրանցման ժամկետների, քվեարկության օրվա, տեղի, ժամանակի, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակվել է ուղեցույցներ, հուշաթերթեր, տեղեկատվական բնույթի պաստառներ:

Քվեարկության օրը բոլոր ընտրական տեղամասերում ընտրական գործընթացին հետևել են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընդհանուր 221 վստահված անձ Անի համայնքում և 297 վստահված անձ Սիսիան համայնքում: Ընտրական տեղամասեր է այցելել 196 դիտորդ և ԶԼՄ 66 ներկայացուցիչ։

Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված առանձին խախտումները վերաբերել են արգելված վայրերում քարոզչական տպագիր նյութեր փակցնելուն կամ համացանցով նախընտրական քարոզչություն իրականացնելու մասնավոր դեպքերի։ Նշված հանգամանքներով պայմանավորված Անի համայնքում ներկայացվել է մեկ հարցում, իսկ Սիսիան համայնքում՝ 4 դիմում և 1 հարցում: Ներկայացված հանգամանքները քննության առարկա են դարձել համապատասխան ընտրատարածքային հանձնաժողովներում և ստացված դիմումներին տրվել են պատասխաններ, իսկ օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ ընդունվել են որոշումներ:

Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները հետևել են զանգվածային լրատվության միջոցներով ներկայացվող հաղորդումներին և դրանցում արծածված տեղեկությունները հանդիսացել են ընտրական հանձնաժողովների ուսումնասիրման և քննարկման առարկա։

Ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Ընտրական օրենսգրքով սահմանված բոլոր ժամկետների պահպանմամբ։

Քվեարկության նախնական արդյունքները թիվ 33 և թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հրապարակել են 2023 թվականի մարտի 27-ին, իսկ վերջնական արդյունքները՝ 2023 թվականի ապրիլի 2-ին։

Ընտրություններին մասնակցած կուսակցությունների, դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված 319 թեկնածուներից, շուրջ 220 վստահված անձանցից կամ տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված 488 անդամներից տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում չի ներկայացվել:

Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ չի իրականացրել և վերահաշվարկել է միայն վիճակահանությամբ որոշված 3 տեղամասերի(թիվ 33/12, 33/15, 33/20) քվեարկության արդյունքներ, որի արդյունքում որևէ տվյալի փոփոխություն չի արձանագրվել:

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանության արդյունքում վերահաշվարկել է թիվ 34/1, 34/22, 34/12 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները (2 տեղամասերում (34/22, 34/12) արձանագրված քվեարկության արդյունքները որևէ փոփոխություն չեն կրել, թիվ 34/1 տեղամասում միայն «Քաղաքացու որոշում» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով, 143-ից դառնալով 142, իսկ մյուս տվյալներում որևէ փոփոխություն չի արձանագրվել) և սեփական նախաձեռնությամբ՝ 3 տեղամաս՝ թիվ 34/4, 34/5, 34/6 և 34/15 քվեարկության արդյունքները:

Վերահաշվարկի արդյունքներով արձանագրված փոփոխությունները հետևյալն են՝ թիվ 34/5 ընտրական տեղամասում՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով՝ 112-ից դառնալով 111, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ավելացել է 3-ով՝ 479-ից դառնալով 482, անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 3-ով՝ 8-ից դառնալով 5. 34/15 ընտրական տեղամասում՝ չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների թիվն ավելացել է 100-ով՝ 8-ից դանալով 108. 34/4 ընտրական տեղամասում՝ ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների և ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը պակասել է 1-ով՝ 743-ից դառնալով 742, անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով՝ 3-ից դառնալով 2, «Քաղաքացու որոշում» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով՝ 99-ից դառնալով 98, Հայաստանի հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը պակասել է 1-ով՝ 198-ից դառնալով 197, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ավելացել է 2- ով՝ 443-ից դառնալով 445, 34/6 ընտրական տեղամասում՝ անվավեր քվեաթերթիկների թիվը պակասել է 3-ով՝ 7-ից դառնալով 4, Հայաստանի հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը ավելացել է 1- ով՝ 160-ից դառնալով 161, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ավելացել է 2-ով՝ 495-ից դառնալով 497։

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել:

  • Կիսվել: