հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կճոյանի փաստաբանը միջնորդություններ է ներկայացրել

Կճոյանի փաստաբանը միջնորդություններ է ներկայացրել

Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի փաստաբան Հովիկ Արսենյանը Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում միջնորդություններ է ներկայացրել: Այս մասին InfoPort.am-ին տեղեկացրեց ինքը` փաստաբանը։

Նա սակայն, չհայտնեց՝ ինչ բնույթի միջնորդությունների մասին է խոսքը։ «Ես ստորագրություն եմ տվել նախաքննական մարմնին՝ պարտավորվելով քրեական գործի մանրամասների մասին չբարձրաձայնել, պահպանել նախաքննական գաղտնիք հասկացության սահմանած սկզբունքերը։ Ես ընդամենը կարող եմ ասել, որ անհրաժեշտ քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություններ եմ ներկայացրել, բայց ներողություն, ավելին չեմ կարող ասել», - ասաց փաստաբանը։

Մեր հարցին, թե այդուհանդերձ քրեական գործի նախաքննության շրջանակներում արդյոք այլ հարցաքննություններ կամ առերեսումներ են կատարվել, Արսենյանն ի պատասխան ասաց, որ ոչինչ չի արվել։

Հիշեցնենք՝ Նավասարդ արքեպիսկոպոս, Կճոյանին մեղադրանք է առաջադրվել հանցավոր եղանակով խոշոր չափի՝ 12 մլն դոլար գումարի տնօրինելու և հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է 2010-ի գարնանը օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է Նավասարդ արք․ Կճոյանին: Այս քրեական գործի շրջանակում նախկինում մեղադրյալ է եղել գործարար, ադամանդների բիզնեսով զբաղվող Աշոտ Սուքիասյանը, որը, ըստ լուրերի, Կճոյանի սանիկն է եղել։ Ապրիլի 15-ին Հոգևորականը տվել է ցուցմունք, ներկայացրել ամեն ինչ, առերեսում չի եղել որևէ մեկի հետ։ Հոգևորականի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Կճոյանի պաշտպանական կողմը պնդում է, որ առաջադրված մեղադրանքը «զավեշտալի է ու անհիմն»։

  • Կիսվել: