չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Կոռուպցիայի մեջ թաթախված ԲԴԽ նախագահը դատական համակարգում արատավոր արարքների խտացումն է, իսկ նրա հովանավորը՝ Արթուր Վանեցյանը․ Բաբաջանյան

Կոռուպցիայի մեջ թաթախված ԲԴԽ նախագահը դատական համակարգում արատավոր արարքների խտացումն է, իսկ նրա հովանավորը՝ Արթուր Վանեցյանը․ Բաբաջանյան

Գագիկ Ծառուկյանի չկալանավորվելուց և Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո կոռուպցիայի և հանցավորության մեջ թաթախված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն արդարադատության ոլորտում առկա թերություների համար մեղավոր է հռչակել դատախազությանը և քննչական մարմիններին՝ իր առանձնահատուկ պաշտպանության տակ առնելով կոռուպցիայի մեջ թաթախված դատավորներին։ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է, որ ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր քննող մասնագիտացված դատավորներին ընտրի Բարձրագույն դատական խորհուրդը:  

Բաբաջանյանի խոսքով՝ Ռուբեն Վարդազարյանը դատական համակարգում բոլոր արատավոր արարքների խտացումն է, իսկ նրա հովանավորը՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որն այս օրերին, ըստ պատգամավորի․

«Նախկին իշխանության մաս կազմած ուժերի հետ դավադրական քննարկումների մեջ է, և չկա երաշխիք, որը Վարդազարյանն էլ մաս չի կազմում այդ քննարկումներին։ Նշանակվող դատավորների ընտրությունը վերապահել այդ խորհրդին՝ նշանակում է քար գցել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի գլխին: Ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ գործերը քննող դատավորները զերծ կլինեն նախկին օլիգարխների ազդեցությունից: Դատական համակարգը պետք է մաքրել նախկին մնացուկներից»,- ընդգծեց պատգամավորը:

  • Կիսվել: