երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կոնկրետ հայ գերիների հարցն առանձին է քվեարկվել, ՌԴ-ի քվեարկությունն անակնկալ էր. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Կոնկրետ հայ գերիների հարցն առանձին է քվեարկվել, ՌԴ-ի քվեարկությունն անակնկալ էր. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Մինչ այս պահը մեզ երբևէ չի հաջողվել կազմակերպել այս մակարդակի քննարկում. միայն այն հանգամանքը, որ հայ գերիների հարցը հրատապ է համարվել և առանձին է քվեարկվել, դա, կարծում եմ, մեծ ձեռքբերում է:

Factor.am-ի հետ տեսակապով զրույցում այս մասին նշեց ԵԽԽՎ-ում հայաստանյան ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանի խոսքով՝ քննարկումը կարելի է արդյունավետ համարել, եթե դրա արդյունքում միջազգային ճնշումն ուժեղանա Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանը վերադարձնի Հայաստանի քաղաքացիներին:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հայ ռազմագերների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգում ներառելու հարցի վերաբերյալ քվեարկության ժամանակ ՌԴ պատվիրակության անդամները «դեմ» և «ձեռնպահ» են քվեարկել, ինչը քննադատության առարկա է դարձել, Մարուքյանը նշեց, որ ՌԴ պատվիրակության քվեարկությունը անակնկալ էր նաև հայաստանյան պատվիրակության համար:

«Ռուսական կողմի պաշտոնական դիրքորոշումը և քվեարկությունը իրար հետ չհամընկան: Հույս ունեմ իրենք կպարզաբանեն, թե ինչու են այդպես քվեարկել: Այսօրվա նիստը շանս է, որ այդ հարցը պարզաբանվի ՌԴ պատվիրակների կողմից»:

Հիշեցնենք,  որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, ռուս պատվիրակներից մի քանիսից  բացի, թուրքերն ու ադրբեջանցիներն են դեմ  քվեարկել, ինչպես նաև Սերբիայի ներկայացուցիչներից մի քանիսը: Օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ` 21, ձեռնպահ` 18: Դեմ քվեարկածներից 5-ը ռուսական պատվիրակության անդամներն են եղել, իսկ ևս 7-ը ձեռնպահ են մնացել։

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: