Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք. Փաշինյան
Մենք ինքներս ունենք խնդիր՝ Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել՝ Արծվաշենը չկա։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սահմանազատման և փախստականների վերաբերյալ հարցերում կառավարության սկզբունքների մասին։
Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անելու։ Կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն սկզբունքով ճանաչել ենք, ինչ սկզբունքով իրենք են մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել»:
Վարչապետն անդրադարձել է նաև փախստականների վերադարձի վերաբերյալ քաղաքացու հարցերին։
«Ինչքան մենք ասում ենք Բաքվի փախստականներ, Ղարաբաղի, Սումգայիթի, Նախիջևանի և այլն, ռազմավարական գործարքի էությունը սա է՝ երկու երկրները կենտրոնանում են իրենց միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա, Ղարաբաղի ժողովուրդը տնավորվում է այստեղ, մյուս մեր փախստական եղբայրներն ու քույրերը տնավորվում են այստեղ, ու կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետությունում, պանդուխտի, գաղթականի տրամաբանությունն ու էջերը փակում ենք։ Նույնն էլ վերաբերում է Ադրբեջանին»,-ասել է Փաշինյանը։
Տեսանյութը՝ այստեղ:


