շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները

Խծաբերդում գերեվարվածների հարազատները փակել են Շիրակի մարզի ճանապարհները

Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատներն այսօր ժամը 6-ից փակել են Շիրակի մարզի ճանապարհները։ Այդ մասին նրանք առավոտյան հայտնեցին «Ազատությանը»։

Հարազատները հստակ պատասխան են պահանջում, թե երբ կվերադարձնեն գերիներին։ Նրանք բազմիցս շեշտել են, որ քաղաքական ուժերը չփորձեն քաղաքականացնել գերիների հարցը՝ իրենց միակ պահանջն իրենց զավակների վերադարձն է։

Հինգշաբթի երեկոյան գերիների հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանում և սպասում էին Բաքվից ժամանող ինքնաթիռին, որն, ինչպես ակնկալվում էր, պետք է հայ գերիներին վերադարձներ հայրենիք։ Այդուհանդերձ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է։ «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը», - փոխանցեցին Ավինյանի գրասենյակից։

Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից 8-ը։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի։

Ադրբեջանը պնդում է, թե Խծաբերդում գերեվարվածները ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

  • Կիսվել: