երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խոստանում եմ ծառայել Երևանին, ՀՀ-ին՝ բոլոր այն սկզբունքների հիմքով, որը դեռ 2018 թ.-ից մենք հայտարարել ենք. Տիգրան Ավինյան

Խոստանում եմ ծառայել Երևանին, ՀՀ-ին՝ բոլոր այն սկզբունքների հիմքով, որը դեռ 2018 թ.-ից մենք հայտարարել ենք. Տիգրան Ավինյան

Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստանում է, որ քաղաքապետարանը կյանքի կկոչի քաղաքի զարգացմանը վերաբերող բոլոր այն դրույթները, որոնք նույնական, ընդհանրական են եղել քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում:

 Ավինյանն այս մասին ասաց նորընտիր ավագանու առաջին նիստում իր ընտրությունից հետո:

Ավինյանը շնորհակալություն հայտնեց ավագանու անդամներին, որոնք ընտրեցին քաղաքապետ:

«Խոստանում եմ ծառայել Երևանին, Հայաստանի Հանրապետությանը բոլոր այն սկզբունքների հիմքով, որը դեռ 2018 թվականից մենք հայտարարել ենք: Իրականում ազնվությունն ու արդարությունն այս առումով միշտ հաղթում է: Ժողովրդավարական արժեքները, որոնք 2018 թ-ից գերակա են ՀՀ-ում, ամենակարևոր ինստիտուցիոնալ հենքն են ստեղծում մեր երկրի, այդ թվում Երևան քաղաքի զարգացման համար»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Նա նկատեց՝ նախընտրական շրջանում քաղաքական ուժերից շատերի ծրագրերը եղել են նույնական. եղել են Երևանի զարգացման մասին դրույթներ, տրանսպորտային ցանցին վերաբերող հարցերի մասին դրույթներ, բակային տարածքների վերականգնման, այգիների վերականգնման վերաբերյալ, մետրոյի կայարանի կառուցման վերաբերյալ դրույթներ և այլն:

«Գրեթե բոլոր ուժերն իրենց ծրագրերում ունեցել են այնպիսի դրույթներ, որ բոլոր ուժերի նախընտրական ծրագրերում արտացոլվել են: Եվ ես հանձն եմ առնում, որ Երևանի քաղաքապետարանը՝ գործադիր մարմինը, իր ամբողջ ներուժով ծառայելու է այդ ընդհանրական դրույթների իրականացմանը»,-վստահեցրեց նորընտիր քաղաքապետը:

  • Կիսվել: