ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ

Ազգային ժողովը մայիսի 2-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Կառավարության հեղինակած ««Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է լրացնել համակարգում առկա իրավական բացերն ու թերությունները, իսկ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կդառնան առավել արդյունավետ: Օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանականներին է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը:

««Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանականների քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է զարգացնել Հայաստանում արբիտրաժի ինստիտուտը եւ թեթեւացնել դատարաններում ծանրաբեռնվածությունը` բարձրացնելով արբիտրաժի ինստիտուտի, եւ, մասնավորապես, արբիտրների նկատմամբ հասարակության վստահությունը` բացառելով դատարանի կողմից արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու եւ վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումների քննման ընթացքում կողմերի չարաշահումները: Ըստ հիմնական զեկուցողի` ակնկալվում է, որ կարող է մեծանալ օտարերկրյա ներդրումների հոսքը` նպաստելով ձեռնարկատիրական միջավայրի զարգացմանը: Նախագծերում կատարվել են որոշակի խմբագրական փոփոխություններ:

Կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին դրույթները կհամապատասխանեցվեն Սահմանադրությանը եւ ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին: Ըստ հիմնական զեկուցողի` վերացվել են օրենսդրական որոշակի բացերը, ներքին հակասությունները, հստակեցվել են տարաբնույթ ընկալման տեղիք տվող մի շարք դրույթներ, ներդրվել են աշխատանքային հարաբերությունների լիարժեք կարգավորման համար անհրաժեշտ, լրացուցիչ կառուցակարգեր, ինչպես նաեւ` աշխատողների եւ գործատուների օրինական շահերի պաշտպանության եւ դրանց ողջամիտ հավասարակշռման ապահովմանն ուղղված առավել արդյունավետ մեխանիզմներ: Հարակից զեկուցող, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրել է, որ նախագծի լրամշակված տարբերակն արդյունք է նաեւ խորհրդարանական լսումների, որոնց ընթացքում հնչեցված շատ առաջարկություններ իրացվել են: Հանձնաժողովի հետ աշխատանքային քննարկման ընթացքում ոչ հանձնաժողովի անդամ պատգամավորների կողմից հնչեցված որոշ առաջարկներ, ձեւակերպումներ եւս իրացվել են:

««Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչարարության կրճատման, պարզեցման, ծանուցման ենթակա մի շարք ոլորտներին աջակցելու, գործարար եւ ներդրումային միջավայրի տեսանկյունից տվյալ ոլորտներն առավել գրավիչ դարձնելու հանգամանքով: Ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու եւ ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար առաջարկվել է նաեւ տարեկան սահմանել պետական տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ: Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանը հավելել է, որ փոփոխությունները միտված են էականորեն բարելավելու միջին եւ փոքր բիզնեսի գործունեությունը` զերծ պահելով ավելորդ թղթաբանական քաշքշուկներից:

««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Օրենսդրական նախաձեռնության ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրերով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները: Ըստ հիմնական զեկուցողի` համալրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության գործընթացում դիտարկվող գործողությունների, շրջակա միջավայրի օբյեկտների եւ բնութագրերի շարքը, գործող կարգավորումներից հանվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության նախնական փուլը, ինչպես նաեւ նախնական փուլի հետ կապված նախնական գնահատման հայտի ուսումնասիրության, տեխնիկական առաջադրանք կազմելու եւ ձեռնարկողին տրամադրելու պահանջները: Հակոբ Սիմիդյանի խոսքով վերջին մեկ տարվա ընթացքում նախագծի վերաբերյալ եղել են տասնյակ աշխատանքային քննարկումներ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ստացվել է շուրջ 70 առաջարկություն, որից 47-ը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից: 70-ից 28-ն ընդունվել է. 24-ը խմբագրական բնույթի է: Լրամշակված տարբերակում վերանայվել են հիմնական հասկացությունները, հստակեցվել են ՏԻՄ-երի կողմից նախնական համաձայնության կամ անհամաձայնության տրամադրման ընթացակարգերը:

  • Կիսվել: