ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խափանման միջոցը կապված է Ծառուկյանի տարիքի, ՀՀ-ում կորոնավիրուսի առկայության հետ. Ալեն Սիմոնյան

Խափանման միջոցը կապված է Ծառուկյանի տարիքի, ՀՀ-ում կորոնավիրուսի առկայության հետ. Ալեն Սիմոնյան

Կարևոր արձանագրում, դատարանը փաստացի մեղադրանքը հիմնավոր է ճանաչել։ Այս մասին  այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատարանի որոշմանը։

ԻՆչ վերաբերում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Գ.Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու ԱԱԾ միջնորդության մերժմանը, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ իր ենթադրությամբ, դա կապված է Ծառուկյանի տարիքի, ինչպես նաև ՀՀ-ում կորոնավիրուսի առկայության հետ։

«Միգուցե դատավորի կողմից դրանք հանդիսացել են պատճառ՝ ընտրել այնպիսի խափանման միջոց, որը կապված չէ անձին ազատազրկելու հետ։ Սրա մասին է պետք  խոսել, այս արձանագրումը պետք է անել, որովհետև մեր քաղաքացիներից շատերի մոտ տպավորություն է, որ այն քրեական գործը, որի հետ կապված ԱԺ-ում տեղի ունեցան լսումներ և որոշում, դատարանը բաց թողեց պարոն Ծառուկյանին»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումներից հետո արդյոք դատական համակարգի անաչառության վերաբերյալ կասկածներ ունի՞, թե ոչ,  ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Դատական համակարգի՝ գոյություն ունեցող խնդիրները հայտնի են բոլորին, և մենք բազմիցս դրա մասին խոսել ենք, կարիք չկա ամեն դատական նիստից հետո գնահատական տալ՝ արդեն բոլորին հայտնի փաստի հետ կապված»։

Դիտարկմանը, թե բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի հետ կապված ընտրախախտումների, ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են եղել, ինչո՞ւ իրավական ընթացք չի տրվում, Ալեն Սիմոնյանը նշեց. «Որևէ մեկը չի կարող ասել, որ դրա հետ կապված գործեր չեն լինի և հենց ձեր նշած գործերի հետ կապված մենք քննությունների ականատես չենք լինի: Երկրորդ, կոնկրետ մեկ պաշտոնյայի հետ կապված քրեական գործի շրջանակներում գտնվել է հաշվետվություն և դրան ընթացք է  տրվել և քրեական գործ է հարուցվել: Ի՞նչ ասել է՝ եթե մեկի հետ կապված քրգործ չկա, ինչի՞ մյուսի հետ կապված կա: Մենք չենք կարող մեկը մյուսի հետ համեմատել և դրա հիման վրա էն մեկի հետ կապված որևէ գործողություն չանել»։

Նրա խոսքով՝  երկու տարբեր մեխանիզմ է գործել. «Մի պարագայում եղել է աշխատանքի մի ձև, օրինակ, պատգամավորների թեկնածուներն իրենք են հոգացել ընտրակաշառքի ծախսերը և ձայների միջոցով ձևավորել են  վերաբերմունք իրենց ղեկավարի մոտ և, ըստ արժանվույն, ստացել իշխանության իրենց մասնաբաժինը: Դրա վառ ապացույցն է ռեյտինգային համակարգով ստեղծված ընտրական օրենսգիրքը, որն, իմ գնահատմամբ, արվել է նրա համար, որ ընտրություններից հետո հասկանան, թե ով ինչքան ձայն է բերել կոնկրետ այդ կուսակցությանը:  Եվ եղել է մեկ այլ տարբերակ, երբ գումարը տրվել է, որպեսզի այդ տարածաշրջանում գործողություններ կատարվեն և դրա դիմաց ներկայացվել է հաշվետվություն: Սրանք երկու տարբեր մեխանիզմներ են, որոնք աշխատել են Հայաստանում»։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հետ կապված դեպքերին, Ալեն Սիմոնյանը մեկ անգամ ևս նշեց, թե թող որևէ մեկը չկասկածի, հերթով դեպքերը բացահայտելու են:

«Կարող էր լինել նաև հակառակը, օրինակ լիներ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Զագրեբում, դրանից ասենք մեկ ամիս հետո ՀՀԿ-ի հետ կապված ինչ-որ քրեական գործ լիներ, դուք ինձ ասեիք՝ բա էլի կուսակցություններ են եղել, որոնց հետ կապված մամուլում հրապարակումներ են եղել, ինչո՞ւ նրանց հետ կապված գործեր չկան, նրանք ինչ-որ ձեզ հետ ինչ-որ ձևով համագործակցո՞ւմ են»:

Դիտարկմանը, որ օրինակ, նախկինում ՀՀԿ-ական պատգամավոր հայտնի գործարար Սամվել Ալեքսնյանի հետ կապված նման գործեր չկան, քանի որ քաղաքականության մեջ չէ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Որևէ մեկը ապահովագրված չի: Նույն հաջողությամբ Էդմոն Մարուքյանը ասում էր՝ ինչո՞ւ Գագիկ Խաչատրյանի հետ կապված ոչ մի գործ չկա: Չեք կարող միանգամից բոլորի հետ կապված գործեր լինեն: Դրանք  քրեական գործեր են, ժամկետներ ունեն, հիմքերի հիմնավորվածության խնդիր կա: Ես հասկանում եմ՝ բոլորն ուզում են, որ ում անունը երբևիցե լսել են, նրանց վերաբերյալ հրապարակում է եղել, ուզում են մեկ ժամվա մեջ հրապարակում այրվեն: Ոչ Սամվել Ալեքսանյանը, ոչ որևէ մեկը, ոչ Ալեն Սիմոնյանը, եթե իրենց հետ լինեն փաստեր, չեն խուսափելու, իսկ գործընթացը շարունակվելու է»:

 

  • Կիսվել: