Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը. Աբովյան
Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին որոշումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ անդամ Արման Աբովյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իհարկե, այլ բան ակնկալելը միամտություն կլիներ։ Բայց, այնուամենայնիվ, միշտ ուզում ես հավատալ, որ դեռ բոլորը չէ, որ դարձել են Հայաստանում իշխող ոչ լեգիտիմ իշխանության հակահայկական և հակապետական որոշումների հնազանդ կատարողները։
Բայց եկեք պատասխանենք մի պարզ հարցի․ ինչո՞ւ են սրանք այդքան ատում Ծառուկյանին, որը միշտ հանդես է եկել հայերի համախմբման և միավորման, իրական խաղաղության, այլ ոչ թե նվաստացուցիչ զինադադարի, արժանապատվության ու պատվի, պետության և ազգի պաշտպանության օգտին։
Ինչո՞ւ է իշխանությունը հարվածում Ծառուկյանին՝ փորձելով ոչնչացնել նրա բիզնեսը, բայց արդյունքում փլուզում է տնտեսության ամբողջ ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի։
Ինչո՞ւ:
Պատասխանը մակերեսին է։
Որովհետև Ծառուկյանը ցույց է տվել հենց այն, ինչից այս իշխանությունն ամենից շատ է վախենում։
Նա ցույց է տվել, որ կարելի է կառուցել հզոր տնտեսություն և կախված չլինել թուրքերից ու ադրբեջանցիներից։
Նա ցույց է տվել, որ կարելի է հասնել իրական խաղաղության, այլ ոչ թե խաբել մարդկանց՝ նրանց պարտադրելով այն միտքը, թե խաղաղությունը հնարավոր է բացառապես թշնամու թելադրած նվաստացուցիչ պայմաններով։
Եվ, վերջապես, նա ցույց է տվել, որ նույնիսկ այս մղձավանջում կարելի է ելք գտնել, պահպանել մարդկային արժանապատվությունը, մնալ մարդ և երկիրը դուրս բերել այն անդունդից, ուր ներկայիս իշխանությունը, զանազան հիմար «փառատոների» ուրախ երաժշտության ներքո և Ալիևի ու Էրդողանի հավանության բացականչությունների ուղեկցությամբ, տանում է Հայաստանը։
Հենց դրա համար էլ նրանք ատում են նրան՛՛։



