չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Խաղաղություն չի նշանակում զիջել բոլոր դիրքերը, չնայած նման սադրանքներին՝ շարունակելու ենք խոսել խաղաղության մասին. Անդրանիկ Քոչարյան

Խաղաղություն չի նշանակում զիջել բոլոր դիրքերը, չնայած նման սադրանքներին՝ շարունակելու ենք խոսել խաղաղության մասին. Անդրանիկ Քոչարյան

Եկեք քննարկենք, ոչ թե ադրբեջանցիների՝ սահմանին վատ պահելը, այլև քննարկենք, թե ինչ ենք անում, որ նման դրսևորումներ հակառակորդը չկարողանա իրականացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդգծելով, որ կրակոցները եղել  են դպրոցի ուղղությամբ, մեկ ականանետային ական ընկել է մեր դիրքերի թիկունքում՝ վիրավորներ, զոհեր չունենք:

«Ինչ վերաբերում է գազատարին, այն այո, վնասված է, ու քանի որ գազատարի պահպանման ռեժիմի պատասխանատուն և երաշխավորը Ռուսաստանն է, որը նաև այլ անհանգիստ վայրում գործողությունների ակտիվ փուլում է գտնվում, գուցե, հակառակորդը դրանից օգտվելով՝ որոշ դժվարություններ է փորձում առաջացնել նաև Արցախի հատվածում»:

Նա ընդգծեց, որ ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով այդ խնդիրները լուծում կստանան: «Ենթադրում եմ, որ Արցախն այդ բանակցություններում նույնպես իր մասնակցությունը կունենա»:

Չնայած այս սադրանքներին՝ Քոչարյանը պնդեց, որ մենք գնում ենք խաղաղության: «Խաղաղության ուղղությամբ մենք անպայման աշխատանքները կշարունակենք, մեր ծրագրում է՝  կառուցել այն բանակը, որը կզսպի հակառակորդին»:

Ինչ վերաբերում են սահմանային դեպքերին՝ նա նշեց, որ նախկինում էլ այդ դեպքերը եղել են ու ամեն մի դեպքը պետք է ուսումնասիրվի, որովհետև դա խախտում է այն տրամաբանությունը, որի շուրջ եղել են հրադադարի պահպանման հստակ պայմանավորվածություններ: «Խախտումների ամեն մի դեպքը պետք է ուսումնասիրվի ու պատասխանատուները պետք է պատժվեն: Խաղաղություն չի նշանակում զիջել բոլոր դիրքերը, խաղաղություն նշանակում է հասնել այնպիսի իրավիճակի, որ բացառվեն նման դրսևորումները, որ այսօր մեկի մտքով չանցնի հրաման տա սնայպերին՝ մի հատ կրակենք ու դրա համար պատասխանատվություն չկրի»:  

  • Կիսվել: