ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 Խաղաղության պայմանագրի կենսունակությունը երաշխավորող կողմ պետք է լինի․ Խանդանյան

Խաղաղության պայմանագրի կենսունակությունը երաշխավորող կողմ պետք է լինի․ Խանդանյան

 Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի կենսունակությունը երաշխավորող մեխանիզմների կարիք է տեսնում, դա կարող է լինել միջազգային կազմակերպությունների կամ երկրների երաշխավորման տեսքով:

Այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցություններին։

«Չեմ կարծում, թե այս բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին: Սակայն պետք է սպասել բանակցությունների ավարտին»,-ասաց Խանդանյանը: 

Բանակցություններն ընթանում են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ: Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, Խանդանյանը դրանց արդյունքների մասին խոսելը վաղ է համարում: Նա շեշտեց՝ Հայաստանի խնդիրն ընդհանուր առմամբ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է, հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի հետ, ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Խանդանյանը ենթադրում է, որ այս բոլոր թեմաները բանակցությունների սեղանի վրա են:

«ՀՀ կառավարության ներկայացուցիչները, ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը ներկայացրել են, որ, որպեսզի խաղաղության պայմանագիրը կենսունակ լինի, որպեսզի իսկապես ապահովի խաղաղություն, պետք է լինեն որոշակի մեխանիզմներ, որոնք կերաշխավորեն այդ պայմանագրի կենսունակությունը: Հայաստանը և Ադրբեջանը պետք է բանակցեն, և, եթե երկուստեք համաձայնության գան, կլինի: Մենք պատկերացնում ենք, որ դա պետք է լինի, օրինակ, միջազգային հանրության ակտիվ ներգրավվածություն՝ կլինի միջազգային կազմակերպությունների, թե երկրների երաշխավորման տեսքով»,-ասաց Խանդանյանը:

Պատգամավորը հիշեց՝ միջազգային հարաբերությունների պատմությունն ունեցել է այնպիսի դրվագներ, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրերն ունեցել են երաշխավորող կողմեր: Ըստ նրա՝ պետք է նայել նաև այդ փորձառությանը:

  • Կիսվել: